Թբիլիսիում նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
2026 թվականի հունիսի 7-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը:
Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին այն եզակիներից է, որը արժանացել է Հայոց հոգևոր կենտրոնի անունով կոչվելու պատվին: Տոնական Սուրբ Պատարագը Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, մատուցեց արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը:
Հընթացս Սբ. պատարագի Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, Կաթողիկէ, այսինքն՝ հայոց ընդհանրական հավատքի տան՝ Սբ. Էջմիածնի տաճարի կառուցման պատմությանը, Ամենազոր Աստծու և Հայոց առաջին Հայրապետի՝ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված հավատքին հայ ժողովրդի հավատարմության, ազգապահպան այն արժեքների մասին, որ կատարում է Հայոց Եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ:
Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը, հորդորելով հավատացյալ հայորդիներին համախմբված լինել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի շուրջը, Ամենազոր Աստծուց խաղաղություն և ապահովություն հայցեց Հայաստանի, Սուրբ Էջմիածնի համար և կոչ արեց հավատարիմ մնալ քրիստոնյա հավատքին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր կենտրոնին:
Հավարտ Սուրբ Պատարագի առաջնորդ Սրբազան Հոր հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայրապետական մաղթանք: Հավատավոր ժողովուրդը և քահանայից դասը աղոթեց Սուրբ Էջմիածնի անսասանության և Նորին Սրբության քաջառողջ արևշատության համար:
Հայերեն
ქართული
English
Русский 

