Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծվեց Գոմանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
2023 թվականի հոկտեմբերի 21-ը հիրավի դարձավ պատմական օր Ախալքալաքի շրջանի Գոմանի գյուղի բնակչության համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ օծվեց տեղի հիմնանորոգված, 1847 թվականի կառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:
Օրը տոնական էր, ծիսական արարողությունը՝ հանդիսավոր, քանզի վերջապես իրականություն դարձավ գոմանցիների երազանքը, փլուզված եկեղեցին կանգուն և գործող տեսնելու ցանկությունը:
Տեղացիները ավանդական աղուհացով դիմավորեցին Ջավախք ժամանած Թեմակալ առաջնորդին, առաջնորդական փոխանորդին, Թբիլիսիից, Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետությունից ու Վրաստանի այլ տարածաշրջաններից ժամանած հյուրերին:
Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ և Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի մասնակցությամբ, արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Տեր Մկրտչյանը և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը Սուրբ մյուռոնով օծեցին եկեղեցու սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվեցին սրբապատկերի, իսկ եկեղեցին դարձավ Աստծու տուն, Սուրբ աղոթատեղի:
Դռնբացեքի արարողությունից հետո, նորաօծ եկեղեցու Սուրբ խորանից շնորհավորանքի խոսքերով ներկաներին դիմեց Թեմակալ առաջնորդը: Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը արժևորեց գոմանցիների վաղեմի երազանքի իրականացումը՝ գյուղում Աստծու տուն ունենալու և Բարձրյալի շնորհներն ու օրհնությունը ամեն օր զգալու կարևորուլթյունը: Սրբազան Հայրը բարձր գնահատեց ռուսաստանաբնակ հայր և որդի Ռուբեն և Դավիթ Բանդիկյանների՝ ծննդավայրից չկտրվելու, հայրենակիցների նկատմամբ սերն ու ուշադրությունը չնվազեցնելու և հիմնանորոգված ու օծված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գյուղին ու նրա բնակչությանը վերադարձնելու համար: Տեր Կիրակոս եպիսկոպոսը ի հիշատակ Աստվածահաճո գործի բարերարներին փոխանցեց օրհնության գիր և Սրբապատկեր:
Գոմանի հիմնանորոգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման կապակցությամբ բարերարար Բանդիկյան ընտանիքի կողմից գյուղում կատարվեց հյուրասիրություն:
Կիրակի օրը, հոկտեմբերի 22-ին, Գոմանի նորաօծ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի անդրանիկ Սուրբ Պատարագը: