Թբիլիսիի հայոց եկեղեցիներում նշվեց Սեբաստացի 40 մանկանց հիշատակի օրը:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը ոգեկոչում է Սեբաստիայում նահատակված Սուրբ քառասուն մանուկների հիշատակը:
2022 թվականի մարտի 26-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում առավոտյան և երեկոյան ժամերգությունների ժամանակ վառվեցին ծաղիկներով զարդարված մոմերը՝ ի հիշատակ 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաների, ովքեր Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: 40 վառվող մոմերով զարդարված սեղանը խորհրդանշորեն մանուկ վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատքին, նրանց նահատակությունը, որ երևում էր լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:
Հավարտ ժամերգության, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին և մանկանց պատմության օրինակով ներկաներին հորդորեցին՝ կյանքի ամեն տեսակ բարդությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին, ապրել սիրով, լինել բարի ու զոհաբերության պատրաստ, հաղթահարել բոլոր դժվարությունները երկնային պսակին արժանանալու նվիրումով:
Այնուհետև սարկավագների կողմից ընթերցվեց Սեբաստացի 40 վկաների պատմությունը:
Հավարտ ժամերգության հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն, որը հավատացյալները տարան իրենց հետ:
40 վկաների նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվեց «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը: