Материалы

Թբիլիսիի հայոց եկեղեցիներում նշվեց Սեբաստացի 40 մանկանց հիշատակի օրը:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի չորրորդ շաբաթ օրը ոգեկոչում է Սեբաստիայում նահատակված Սուրբ քառասուն մանուկների հիշատակը:

2022 թվականի մարտի 26-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում առավոտյան և երեկոյան ժամերգությունների  ժամանակ  վառվեցին ծաղիկներով զարդարված մոմերը՝ ի հիշատակ 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաների, ովքեր Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: 40 վառվող մոմերով զարդարված սեղանը  խորհրդանշորեն մանուկ վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատքին,  նրանց նահատակությունը, որ երևում էր լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից:

277175976

Հավարտ ժամերգության, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ  եկեղեցում արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին և մանկանց պատմության օրինակով ներկաներին հորդորեցին՝ կյանքի ամեն տեսակ  բարդությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին, ապրել սիրով, լինել բարի ու զոհաբերության պատրաստ, հաղթահարել բոլոր դժվարությունները երկնային պսակին արժանանալու նվիրումով:

Այնուհետև սարկավագների կողմից ընթերցվեց Սեբաստացի 40 վկաների պատմությունը:

Հավարտ ժամերգության  հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնություն, որը հավատացյալները տարան իրենց հետ:

 40 վկաների նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվեց «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են