Материалы

Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցվեց խաչքար

2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի, տեղի ունեցավ «Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի նախաձեռնությամբ և ջավախքցիների հանգանակությամբ զոհված հերոսների հիշատակի  խաչքարի բացման և օրհնության արարողություն:

Տեղացի վարպետ Արտյոմ Գաբրիելյանի ձեռքով հղկված խաչքարը դարձավ արմատներով Ջավախքից  շուրջ 70  զոհվածների հիշատակի անմահության վկան, որը  պետք է հիշեցնի հայրենիքի և Արցախի անկախության համար իրենց կյանքը տված  հերոս  տղաներին:

 Եկեղեցու բակում հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ և  հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի,  Տեր Արմաշ քահանա Պողոսյանի, Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի ու սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց  հոգեհանգստյան արարողություն՝  44-օրյա պատերազմի զոհերի հոգու խաղաղության համար:

Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը ներկաներին ուղղված  իր խոսքում անդրադարձ կատարեց մահասարսուռ 44-օրյա պատերազմում իրենց կյանքը զոհած երիտասարդների մի ողջ սերնդի անսասան հայրենասիրությանը, ում կյանքի գնով այսօր ապրում է  վիրավոր Արցախը, իր վերքերն է  ամոքում  մայր Հայրենիքը:

«Ջավախքը հայի կողքին» հիմնադրամի  նախագահ Կարեն Պապիկյանը  թեմակալ առաջնորդին փոխանցեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի շնորհակալագիրը, որտեղ գնահատանքի խոսքեր էին  արձանագրված պատերազմի առաջին իսկ օրերից հիմնադրամի կողմից ցուցաբերված օգնության համար,  արժևորվել էր  ջավախքցիների աջակցությունը պատերազմական արհավիրքի մեջ բզկտվող Արցախին:

Խաչքարի օրհնության արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրի Ունանյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսան Թորոյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, անմահ հերոսների ընտանիքների անդամներ ու հարազատներ, 44-օրյա պատերազմի մասնակիցներ, հյուրեր տարբեր համայնքներից:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին խաչքարի պատվանդանին ու զոհված երիտասարդների լուսանկարների առջև:

44-օրյա պատերազմի տարելիցի օրը Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում ավարտվեց հիշատակի մոմավառությամբ:

243297244

243292852

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են