Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի զեկուցումը Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության 4-րդ կոնֆերանսում՝ «Միջկրոնական երկխոսություն հանուն խաղաղության» - «Կրոնները Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին»

Բարեպաշտ հոգևոր եղբայրներ, պետական, քաղաքական, հասարակական ոլորտի գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քույրեր և եղբայրներ,

հոգևոր, կրոնական, մշակութային միասնությունը ոչ միայն կրոնական միավորումների, այլև ամբողջ հասարակության հենարանն է: Այս առումով անհրաժեշտ է, որ ապահովված լինի միջկրոնական և միջդավանաբանական երկխոսությունը, որպեսզի ազատ կերպով քննարկվեն այն հարցերը, որոնք մտահոգում են բոլորին: Միջկրոնական և միջդավանաբանական երկխոսությունը նպաստում է միմյանց ծանոթանալուն, եկեղեցու կամ անձի ընտրությունը հարգելուն, մարդու, թե ազգի կրոնական զգացմունքները չվիրավորելուն:

Կրոնական երկխոսության հարցում մեզ կօգնի անհրաժեշտ գրականության հրատարակությունը, որի միջոցով հանրայնորեն կլուսաբանվեն այս կամ այն կրոնական միավորման դավանաբանությունը, պատմությունը, տոնակատարությունները, ավանդույթները: Այս տեսակետից նշանակալից է Վրաստանի կառավարությանը կից գործող կրոնական հարցերի պետական գործակալության գործունեությունը՝ օրացույցերի, կոնֆերանսներում ներկայացված զեկուցումների հրատարակությունը, այլ երկրներում գործող կրոնական հարցերի իրավիճակի մասին տեղեկատվության տարածումը, քանզի ուրիշների լավ օրինակը և փորձը կարող է Վրաստանում մեզ համար օգտակար հայտնվել:

Հնուց վրացի թագավորները և ազնվականությունը սերտ կապի մեջ էր Եվրոպայի հետ, ինչպես հայտնի է՝ Սուլխան-Սաբա Օրբելիանիի ճանապարհորդությունը Եվրոպայում նպատակաուղղված էր վրացի և եվրոպացի ժողովուրդների միջև կապերի հաստատմանը: Առևտուր ծավալելու կամ կրթություն ստանալու համար ուղղվում էին դեպի Եվրոպա և այնուհետև բազում նորույթներ էին ներկրում Վրաստան:

Իսկ Վրաստանի մայրաքաղաք Տիփլիսը Անդրկովկասի, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի խաչմերուկի վրա է գտնվում: Եվրոպան մշտապես մեծ ազդեցություն ուներ այս քաղաքի ճարտարապետության, մշակույթի, բնակիչների հագուստի վրա: Բազում հայ գիտնականներ և հասարակական գործիչներ, Եվրոպայում կրթություն ստանալուց հետո, իրենց գործունեությունը շարունակում էին Վրաստանում: Դրա ակնհայտ օրինակն է Թբիլիսիի Ներսիսյան ուսումնարանում (ներկայիս Կովկասյան համալսարանի շենքը) իրենց մանկավարժական գործունեությունը ծավալած ուսուցիչները, ինչպես նաև այս ուսումնարանի հետագա շրջանավարտների կրթության շարունակությունը Եվրոպայում, այդ թվում Խաչատուր Աբովյանը, Կոմիտաս վարդապետը, Երվանդ Քոչարը, Ալեքսանդր Խատիսյանը, Արմենակ Շահմուրադյանը:

Նշանակալից է վրաց հասարակության համար պատմականորեն առանձնահատուկ դեր ունեցող Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու դիրքորոշումը կրոնական թեմերի խաղաղ համագործակցության գործում:

Ժամանակն է, որ արթնանանք, զգոն կերպով նայենք այսօրվա իրատեսությանը և տեսնենք, թե ինչ է տեղի ունենում մեզ շրջապատող աշխարհում, որտեղ հետապնդվում են ոչ միայն քրիստոնյաները, այլև ճշմարիտ Իսլամի հետևորդ թեմերը: Գլոբալացված աշխարհում յուրահատուկ ավանդույթներով ապրող մեր հասարակության համար նոր մարտահրավերները, չնայած կրոնական և հավատքի տարբերություններին, պետք է միավորող լինեն: Պետք է պահպանենք ընտանեկան ծես-սովորությունները, ազգերի հոգևոր և բարոյական ավանդույթները, հոգանք երիտասարդ սերնդի դաստիարակության մասին, որպեսզի նրանք հավատան բարձր արժեքներին, կառուցեն արդարացի, իրավահավասար հասարակություն և ժողովրդին տան երջանիկ ապրելու հնարավորություն:

Անհրաժեշտ է նաև մտածենք պատմական արդարությունը վերականգնելու և խորհրդային տարիներին բռնագրավված եկեղեցիներն ու այլ կրոնական շինությունները օրինական տերերին վերադարձնելու մասին:

Վրաստանի կառավարությունը, անկասկած, այս ուղղությամբ հուսադրող քայլեր է կատարում, օրինակ, Կրոնի հարցերով պետական գործակալության հիմնումը և դրա դրական գործառույթները. խորհրդային ժամանակաշրջանում կրոնական թեմերին հասցված վնասի մասնակի փոխհատուցումը, իսլամական և եբրայական թեմերին մզկիթներ և սինագոգներ վերադարձնելը, Վրաց Ուղղափառ Եկեղեցուն տաճարներ և գույք վերադարձնելը:

Մեր շուրջբոլորը պետք է հաստատենք սեր, միաբանություն, հանդուրժողականություն և հարգանք միմյանց նկատմամբ՝ առանց կրոնական, հավատամքի, ազգային և ռասսայական խտրականության, քանզի բոլորս Մեկ Աստծու զավակներ ենք:

Թող Ամենազոր Աստված օրհնի բոլորիս և մեր սրտերում, հոգում և մտքում հաստատի պայծառ և բարի զգացմունքներ ու առաջնորդի դեպի խաղաղություն:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու

Վիրահայոց թեմի առաջնորդ

Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյան

զեկուցում

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են