Материалы

Վիրահայոց թեմի պատվիրակությունը ծաղկեպսակ տեղադրեց Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողին

Տասնամյակներ են անցել, սակայն Վրաստանի բազմազգ ժողովուրդը  ամեն տարվա ապրիլի 9-ին  իր խոնարհումն է բերում 1989 թվականի  այդ օրը  Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց խաղաղ հանրահավաքի ցրման զոհերի հիշատակին: Հանրահավաքի ցրման հետևանքով զոհվել է 21 մարդ, որոնց մեծամասնությունը եղել են կանայք:

Վրաստանում ապրիլի 9-ը  նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր:

2021 թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի  օրհնությամբ և արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի առաջնորդությամբ, Վիրահայոց թեմի  ներկայացուցիչները, ի մասնավորի «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը,  վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը և այլք,  հարգանքի տուրք մատուցեցին Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին: Վրաստանի խորհրդարանի առջև կանգնեցված Ապրիլի 9-ի զոհերի հուշակոթողի մոտ Թեմի պատվիրակության անդամները աղոթք արեցին զոհվածների հոգիների խաղաղության համար և Թեմի անունից տեղադրեցին ծաղկեպսակ:  

Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մասնակցությամբ   արժանապատիվ  Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի և արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի  գլխավորությամբ և  սարկավագաց դասի մասնակցությամբ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մերձակա տարածքում Ապրիլի 9-ի զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր դասի կողմից բարձրացվեց  «Հոգվոց» աղոթք  Վրաստան երկրի անկախության և պետականության վերականգնման զոհերի  հիշատակին:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են