Հոգեհանգստյան կարգ և ծաղիկների խոնարհում Ապրիլի 9-ի նահատակների հիշատակին

Վրաստանի բազմազգ ժողովուրդը ամեն տարվա ապրիլի 9-ին իր խոնարհումն է բերում 1989 թվականի այդ օրը Թբիլիսիում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց խաղաղ հանրահավաքի ցրման զոհերի հիշատակին:
Վրաստանում ապրիլի 9-ը նշվում է որպես ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության և հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր:
2025 թվականի ապրիլի 9-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների և «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության անդամների մասնակցությամբ, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուն կից Երևանյան պուրակում Վրաստանի անկախության համար զոհվածների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ զոհերի հոգիների խաղաղության համար:
Արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը հոգևոր ծառայողների մասնակցությամբ աղոթք բարձրացրին ի հիշատակ 21 անմեղ զոհերի, որոնց մեծ մասը կանայք էին: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին ու ծաղկեպսակ տեղադրեցին խաչքարի պատվանդանին: