Материалы

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ

2024 թվականի մարտի 30-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմերը բաժանում են ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ  Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:  Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա էին թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, հավատացյալներ:

2

Հընթացս Սուրբ Պատարագի,  Թեմակալ առաջնորդը  անդրադարձ կատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության խորհրդին, չարի  պարտությանը և  բարու հաղթանակին և  ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին  Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:

Հավարտ Սուրբ Պատարագի  Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում:

Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։ Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են