Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում
2025 թվականի հունվարի 5-ի երեկոյան, Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի կապակցությամբ, Վիրահայոց Թեմի եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ և Անմահ Պատարագ:
Նախատոնակ օրը բազմամարդ էին Հայոց եկեղեցիները: Ըստ ծիսական ավանդույթի, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին օրվան հարիր Սուրբգրային տարբեր հատվածներ:
Հավատացյալներով լեցուն էր Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որտեղ Ճրագալույցի Սբ. Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Հընթացս Սբ. Պատարագի, Թեմակալ առաջնորդն իր քարոզում անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի խորհրդին՝ որպես պարգև մարդկությանը մեղքերից ձերբազատվելու, ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, մարդ արարածին դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու աստվածային ուղի:
Հավարտ Ս. Պատարագի Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը վառեց կենսատու մոմը, որը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը և մարդկանց առաջնորդում է դեպի ճշմարիտ Լույսը, ու բաշխվեց հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:
Սբ. Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայրը, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:
Ճրագալույցի Սբ. Պատարագ մատուցվեց Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ, Բաթումիի Սբ. Փրկիչ, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սբ. Սարգիս և տարածաշրջանային մյուս հայոց եկեղեցիներում: