Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
2024 թվականի մարտի 30-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմերը բաժանում են ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Ճրագալույցի Սուրբ Պատարագին ներկա էին թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, հավատացյալներ:
Հընթացս Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության խորհրդին, չարի պարտությանը և բարու հաղթանակին և ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:
Հավարտ Սուրբ Պատարագի Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում:
Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։ Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը: