Շքանշանի հանձնում և դպրական ձեռնադրություն Ախալքալաքի շրջանի Սուրբ խաչ եկեղեցում
2025 թվականի հունվարի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն կատարած իր առաջնորդական այցելության շրջանակներում Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում մատուցեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ: Սուրբ խորանին Պատարագիչ Սրբազանի ընթերականն էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տ. Նշան վրդ. Հմայակյանը և Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց՝ արժ. Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը:
Օրը հիրավի տոնական էր, հագեցած ուրախաբեր իրադարձություններով: Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազան Հայրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակով «Ներսես Շնորհալի» շքանշան հանձնեց Վիրահայոց թեմի Գոմանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման – վերանորոգչական աշխատանքների բարերար Ռուբեն Բանդիկյանին:
Հավարտ Սբ. Պատարագի եկեղեցում կատարվեց դպրական ձեռնադրություն: Թեմակալ առաջնորդը հավուր պատշաճի մեկնաբանեց դպրության ձեռնադրության խորհուրդը, շեշտեց հոգևորականի պարտականության դժվարությունները, մատնանշեց դրանց հաղթահարման ուրույն ձևերն ու ուղիները, նաև մաղթեց, որ դպիրները հետայսու առավել բարձր աստիճանի հասնեն՝ Ամենակալ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո և ի պայծառություն Հայոց Եկեղեցու:
Սուրբգրային ընթերցումների և շարականների երգեցողությամբ կատարվեց սրբազան արարողակարգը, համաձայն որի Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ եկեղեցական ծառայության առաջին աստիճանի կոչվեցին 23 դպիրներ: Ընդորում՝ նրանցից 10-ը Ախալքալաքի, 10-ը՝ Նինոծմինդայի և երեքը՝ Ախալցիխեի հայոց եկեղեցիների նվիրյալ սպասավորներ են: Ձեռնադրող Կիրակոս Սրբազանը ձեռնադրվողների գլխից մազափունջ կտրեց՝ որպես աշխարհիկ ցանկություններից հրաժարվելու խորհրդանիշ: Այնուհետև նրանց տվեց Ժամագիրք, ավել, բանալի, Աստվածաշունչ, Մաշտոց ծիսամատյան, մոմակալ և բաժակ: Դրանցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի:
Օրը յուրահատուկ էր և պատմական: Սրբազան արարողակարգին մասնակցում էին Հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, արժ. Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, արժ. Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, արժ. Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանը և ուրիշներ:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև ծնողներ, հավատացյալներ:
Վերջում դպրության աստիճան ստացածներին իր հայրական օրհնությունը բաշխեց Առաջնորդ Սրբազանը: