Ձեռագիր գրքի քննարկում տեսակապի միջոցով
2019 թվականի մայիսի 11-ին, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ Ռուբեն Վարդանյանի և Նունե Ալեքյանի հեղինակությամբ «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» ձեռագիր աշխատության քննարկումը:
Հանդիպումը նախաձեռնել և կազմակերպել էր «Թբիլիսիի հայ համայնք» կազմակերպության նախագահ, հոգեբանական գիտությունների թեկնածու Միխայիլ Թադևոսովը: Ներկա էին վիրահայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, տնտեսագետներ, պատմաբաններ, լրագրողներ, ովքեր ուսումնասիրել են աշխատությունը:
Քննարկումը, որին ներկա էին գրքի երկու հեղինակներն էլ, տեղի ունեցավ Սկայպի միջոցով:
Բացելով միջոցառումը, Միխայիլ Թադևոսովը շնորհակալություն հայտնեց Ռուբեն Վարդանյանին և Նունե Ալեքյանին՝ օնլայն հանդիպմանը մասնակցելու համար, փոխանցեց վիրահայ համայնքի ներկայացուցիչների ցավակցությունը՝ պարոն Վարդանյանին նրա մոր մահվան կապակցությամբ:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը փոխանցեց հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Ողջունելով ներկաներին, պարոն Վարդանյանը կարևորեց այս հանդիպումը, նշեց, որ իրենք բարձր են գնահատում թբիլիսահայ համայնքի ակտիվությունը և վիրահայ համայնքի ներկայացուցիչների հիմնարար մոտեցումը իրենց հեղինակած գրքին, արձագանքը Հայաստանի և հայ ժողովրդի զարգացման հնարավոր սցենարներին, Հայաստանի տեսլականի քննարկմանը:
Այնուհետև տեսակապն ընթացավ հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում ներկայացվեցին կարծիքներ գիրք-ձեռագրի վերաբերյալ, խոսվեց Սփյուռքում մայրենի լեզուն տարածելու, ինքնությունը պահպանելու, ուծացումը կանխելու, ինչպես նաև տեղի քաղաքացիական հասարակությանը ինտեգրվելու մասին: Զրույցը վերաբերեց նաև տնտեսության զարգացման ուղղություններին, կրթության անհրաժեշտությանը, համայնքի միասնությանը և համախմբվածությանը: Թբիլիսյան կողմից եղան առաջարկություններ տեղերում ազգային ձեռնարկություններ բացելու, համայնատիրական շինարարություն կազմակերպելու, բաժնետոմսեր ստեղծելու մասին: Կարևորվեց հայ լինելու հպարտությունը և վստահությունը:
Ձեռագիր գրքի հեղինակներ Նունե Ալեքյանը և Ռուբեն Վարդանյանը մանրամասնորեն մեկնաբանեցին Հայաստանի ապագայի մասին գրքում նկարագրված երեք մոդելները:
Հանդիպում-քննարկումն ընթացավ փոխըմբռնման, գործարար երկխոսության մթնոլորտում: