Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց «Միջազգային հանրապետական ինստիտուտ Վրաստան- IRI Georgia»-ի երկխոսությանը
2023 թվականի մայիսի 11-14-ին, ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ֆինանսավորմամբ, միջազգային հանրապետական ինստիտուտ Վրաստան -- IRI Georgia-ն, հյուրընկալեց «Կառուցի՛ր Վրաստանը» ծրագրի շրջանակներում կազմակերպված երրորդ երկխոսության մասնակիցներին:
Միջոցառումն անցկացվեց Լոպոտա լճի հյուրանոցային համալիրում, միջոցառմանը ներկա էին ակադեմիական շրջանների, քաղաքացիական, հասարակական կազմակերպությունների, երիտասարդական միավորումների, կրոնական կազմակերպությունների և բիզնես սեկտորի շուրջ 80 ներկայացուցիչներ:
Իրենց օրհնաբեր ներկայությամբ միջոցառմանը մասնակցում էին Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը:
Երրորդ երկխոսության ձևաչափի նպատակն էր ժամանակավորապես բռնագրավված տարածաշրջանների քաղաքացիների հետ վստահության և փոխհարաբերությունների վերականգնման թեմայով ծանոթանալ աշխատանքային խմբերի հանձնարարականներին, ամփոփել կարծիքները և այդ մարտահրավերի մասին մեկնարկել միասնական աշխատանք:
«Կառուցի՛ր Վրաստանը» նախագծի հաջորդ փուլը կաշխատի տրված հանձնարարականներին պետական հաստատություններին ծանոթացնելու և պետական քաղաքականությունում դրանք արտացոլելու ուղղությամբ:
«Կառուցի՛ր Վրաստանը» նախագծի նպատակն է Վրաստանում ընթացող գործընթացներում ընդգրկել տարբեր ոլորտներում գործող հաջողակ առաջնորդներին և առաջատար փորձագետներին, որպեսզի համատեղ մշակեն երկրում առկա հիմնախնդիրների կարգավորման ուղիները: