Материалы

Բաթումիում ընդլայնվեց «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնը

2019 թվականի հոկտեմբերի 30-ին Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը Բաթումիում մասնակցեց թեմի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի ընդլայնված սրահի հանդիսավոր բացման արարողությանը, որին ներկա էին Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, հյուրեր, համայնքային գործիչներ:

Տոնականորեն զարդարված կենտրոնի մոտ հյուրերին ողջունեց տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Արձանագրելով կենտրոնի գործունեության լայն շրջանակը, վերջինս շնորհակալություն հայտնեց "Վարդան Ջինիշյան հիշատակի հիմնադրամին»՝ սրահը ձեռք բերելու և կենտրոնի ծրագրերին աջակցելու համար:

1Բացման արարողությանը ելույթ ունեցավ «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» Երևանի գրասենյակի տնօրեն Արմեն Հակոբյանը: Իր խոսքում անդրադարձ կատարելով Վիրահայոց թեմի հետ տարիներ շարունակ իրականացվող համագործակցությանը, հիմնադրամի տնօրենը արժևորեց այն եկեղեցանվեր և ազգապահպան գործունեությունը, որ նախկին առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ և հիմնադրամի աջակցությամբ կատարվել է Վիրահայոց թեմում: Արմեն Հակոբյանն ընդգծեց, որ այս կենտրոնի ընդլայնումը նույնպես այս համագործակցության արդյունք է:

Գնահատանքի խոսք ասաց նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Մերձավոր Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Շագոյանը: Վերջինս շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ կենտրոնի ձեռք բերման նպատակով տրամադրված նյութական միջոցների համար, թեմին և հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետին, ով շարունակում է Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ իր աշխատանքը:

Կենտրոնի նոր սրահին շնորհվեց "Ջինիշյանի հիշատակին" անունը։ Նորաբաց սրահի բացման ժապավենը կտրեցին Արմեն Հակոբյանը և Տարոն Շագոյանը։

Նորաբաց սրահն օրհնվեց առաջնորդական տեղապահի ձեռամբ։

Հանդիսավոր բացումից հետո կենտրոնի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական միջոցառում, որի ավարտին հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, համայնքի և կենտրոնի անունից ողջունելով առաջնորդական տեղապահին և պատվիրակության անդամներին, շնորհակալություն հայտնեց այցելության և աջակցության համար, գնահատանքի խոսք ուղղեց նաև համայնքային գործիչներին, ովքեր օգնեցին կենտրոնի ընդլայնված սրահի վերանորոգության գործում:

Տեր Հայրը նաև իր շնորհակալությունը հայտնեց թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին՝ կենտրոնի հիմնադրման և ընդլայնման գործում ցուցաբերած մեծ ներդրման համար:

1

Սբ. Փրկիչ, Ալեքսանդր Մանթաշյանց

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են