«Փարաջանովի ռեքվիեմ» ալբոմի շնորհանդեսը «Հայարտուն» կենտրոնում

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և Վիրահայերի միության նախաձեռնությամբ, 2025 թվականի մայիսի 28-ին, Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ «Փարաջանովի ռեքվիեմ» ալբոմի շնորհանդեսը:
Կենտրոնի պատերը զարդարվել էին Փարաջանովյան արվեստին հատուկ կոլաժներով ու նկարներով, որոնք կյանքի էին կոչվել մրցույթի մասնակիցների ստեղծագործական երևակայության արդյունքում:
Դահլիճում տեղ էին գտել Փարաջանովյան արվեստի գնահատողներն ու սիրահարները, մրցույթի տարբեր տարիների մասնակիցները, ում համար սուրբ մասունք էր դարձել Սերգո Փարաջանովի ծննդյան 100-ամյա և «Փարաջանովի ռեքվիեմ» ալբոմի 10-ամյա հոբելյաններին նվիրված ալբոմը, որտեղ տեղ էին գտել մրցույթում հաղթանակած և ընտրված աշխատանքները, դրանց հեղինակների կենսագրությունները՝ հայերեն և վրացերեն:
Կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանն իր խոսքում կարևորեց Սերգո Փարաջանովի՝ թբիլիսյան կոլորիտով արվեստի խորությունը, նկարահանած կինոֆիլմերի անկրկնելիությունը, որոնք ոչ միայն հայկական կամ վրացական են, այլև համաշխարհային կինոարվեստի նմուշներ են:
Վիրահայերի միության նախագահ Մարի Առաքելովան, ներկաներին ծանոթացնելով ալբոմի ստեղծման պատմությանը, ընդգծեց սերունդներին Փարաջանովյան արվեստի ոգով կրթելու մրցույթի նպատակը, որի արգասիքը տարեցտարի ծավալվող մրցույթի աշխարհագրությունն է՝ Վրաստանից, Հայաստանից մինչև Եվրոպայի տարբեր երկրներ:
Վիրահայերի միության նախագահը շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին՝ «Փարաջանովի ռեքվիեմ» ալբոմի հրատարակությանը ցուցաբերած աջակցության համար:
Շնորհանդեսն ավարտվեց «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի համերգով: