Վիրահայոց թեմում նշվեց թարգմանչաց տոնը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով, 2019 թվականի հոկտեմբերի 12-ին նշվեց Սուրբ թարգմանիչ վարդապետներ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի և նրանց աշակերտների տոնը: Այն հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային- եկեղեցական տոներից է:
Թարգմանչաց տոնը Վիրահայոց թեմի գործող հայկական եկեղեցիներում նշանավորվեց Սրբազան պատարագներով:
Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագը մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ: Հատկանշական է, որ ի թիվս հավատացյալների, ովքեր եկել էին իրենց երեխաների հետ, Սբ. պատարագին ներկա էին թեմի կիրակնօրյա դպրոցների սաները և Թբիլիսիի հայկական դպրոցների սովորողները:
Տոնական միջոցառումը պատվել էր Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն:
Հընթացս պատարագի՝ առաջնորդական տեղապահը քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, շեշտեց մայրենի լեզվի, դպրության և մշակույթի կարևորությունը մարդ-անհատի ինքնության պահպանման գործում, հորդորեց մանուկներին սիրել մայրենին, լինել ազգին և հայրենիքին նվիրված հայորդիներ, նաև երկրի պետական լեզուն տիրապետելով, պատմական և մշակութային արժեքները հարգելով և պահպանելով դառնալ երկրի լիիրավ քաղաքացիներ:
Այնուհետև հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ: Տոնական օրվա առթիվ եկեղեցու բակում տեղի ունեցավ հավատացյալների կողմից կազմակերպված մատաղով հյուրասիրություն: