Թբիլիսիում տոլմայի փառատոնը դարձավ սիրո և միասնության խորհրդանիշ
2019 թվականի հունիսի 16-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ հայկական ավանդական տոլմայի փառատոնը, որը յոթերորդ տարին անընդմեջ իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ:
Այս տարի փառատոնի խորհուրդը հայկական համայնքային կազմակերպությունների մասնակցությամբ սիրո և միասնության ճաշն էր:
Փառատոնին տոլմայի տարատեսակներով և սառնորակ թանով ներկայացել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը, «Վրաստան» թերթը, «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթը, «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը, «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, դհոլի և դուդուկի խմբակները, «Անի» և «Վանք» պարային համույթները, թիվ 104 և թիվ 103 հայոց դպրոցները, «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնը, «Խինկլիս սախլի» (Խինկալի տուն) ռեստորանը և եկեղեցասեր տիկնանց «Շուշանիկ» միության անդամները:
«Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը բացելով փառատոնը կարևորեց հայ մշակույթի մաս հանդիսացող ազգային խոհանոցի ժողովրդականացումը վիրահայության շրջանում և սույն փառատոնն անվանեց թբիլիսահայության միասնության, փոխադարձ սիրո և հարգանքի դրսևորում:
Տոլմայի տարբեր տեսակներով զարդարված սեղանները Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից օրհնելուց հետո ուրախ երգ ու պարի ուղեկցությամբ ժողովուրդը հյուրասիրվեց բուրումնավետ հայկական տոլմայով:
Փառատոնն ընթացավ պարային խմբերի ու մենակատարների մասնակցությամբ ուրախ համերգով, որին ընդգրկվում էր նաև ներկա հասարակությունը՝ ահել և ջահել:
Նույն օրը տոլմայի փառատոն-մրցույթ անցկացվեց Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սբ. Գրիգոր Նարեկացի» հոգևոր-մշակութային- կրթական կենտրոնում (հոգևոր տեսուչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյան): Փառատոն-մրցույթի տասը մասնակիցներից լավագույն ճանաչվեց Ծովինար Հակոբյանի պատրաստած տոլման: Տոլմայի հյուրասիրությունն ընթացավ կենտրոնի բացման երկամյակին նվիրված հանդիսությամբ: