Ուխտագնացություն Մայր Հայրենիք - Սուրբ Էջմիածին
Հովհ. Թումանյանի և Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում, Վիրահայոց Թեմի հավատացյալներ, մտավորականության ներկայացուցիչներ և թեմի աշխատակիցներ՝ ուղեկցությամբ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ արժ. Տեր Հուսիկ քհն. Հարությունյանի՝ 2019 թվականի հունիսի 13-ին այցելեցին Մայր հայրենիք:
Ուխտագնացությունը մաս էր կազմում Վիրահայոց թեմի հոբելյանական միջոցառումները համակարգող համայնքային հանձնախմբի կազմած ծրագրի: Ուխտավորները այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ եղան Ռուբեն Սևակ և Ալեք ու Մարի Մանուկյաններ Գանձատուն-թանգարաններում, ապա հանդիպում ունեցան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Ուխտագնացության նպատակն էր հաղորդակից լինել Սուրբ Էջմիածնի սրբություններին, ստանալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը, այցելել Մեծն Կոմիտաս վարդապետի շիրիմին և թանգարան:
Վեհափառ Հայրապետին ներկայացվեց Վրաստանում տարվա ընթացքում նախատեսված հոբելյանական միջոցառումների, կատարված աշխատանքներրի և հետագա անելիքների մասին: Ուխտավորները խոսեցին վրացահայությանը հուզող պատմամշակութային ժառանգության պահպանության և թեմին վերադարձնելու, թեմի կրթամշակութային և դպրոցներում հայագիտական առարկաների դասավանդման, ինչպես նաև հայապահպանության խնդիրների մասին:
Ուխտավորները երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը՝ 2002 թվականի աշնանը, Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին Վիրահայց թեմի առաջնորդ նշանակելու համար, ով ծառայության տասնյոթ տարիների ընթացքում՝ արգասաբեր ու անմնացորդ աշխատաքով իր նպաստն է բերում Վիրահայոց թեմում:
Գարեգին Երկրորդ Հայրապետն իր ջերմ և հուզիչ խոսքերով քաջալերեց ուխտավորների այցը՝ կարևորելով հայ-վրացական բարեկամության պահպանումն ու ամրապնդումը, բարձր գնահատեց թեմակալ առաջնորդի, հոգևոր դասի և պաշտոնեության գործունեությունը՝ հույս հայտելով, որ թեմին հուզող հարցերը կունենան իրենց դրական լուծումը և խնդրեց վրացահայությանը փոխանցել իր հայրական սերը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությունը:
Այնուհետև, իրենց հավատքի մոմերը վառելուց հետո ուխտավորները շարժվեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ խոնարհեցին և աղոթեցին մեծն Կոմիտասի շիրիմի առջև:
Երեկոյան ուխտավորները վերադարձան Թբիլիսի: