Материалы

Թբիլիսին ցնծում էր Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»-ի ուրախությունից

Սայաթ-Նովայի արվեստի մեծարման գեղեցիկ ավանդույթներով հաստատված «Վարդատոնը» բազմազգ Թբիլիսիում իր շուրջն է հավաքում աշուղական երգի  սիրահարներին, Սայաթ-Նովայի արվեստի երկրպագուներին, ովքեր գալիս են Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի՝ կարմիր վարդեր խոնարհելու հայ մեծանուն աշուղ և ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի շիրիմին, սերունդներին  փոխանցելով  նրա մեծության գնահատականը,  նրա երգարվեստի, աշուղական խոսքի  անկրկնելի  այժմեականությունը և անմահությունը:

2025  թվականի մայիսի 18-ին ավանդական «Վարդատոնը» Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ  Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և  «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ,  մեկնարկեց  Ամաղլեբա փողոցի թիվ 18 տնից,  Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանից: Այստեղ հավաքված թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները և հյուրերը  կարմիր վարդերով քայլարշավ կատարեցին դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, Թբիլիսիի բնակիչներին հիշեցնելով այս քաղաքի ծնունդ, ժողովուրդների բարեկամության երգիչ Սայաթ-Նովայի  մասին:

Հավարտ կիրակնօրյա Սբ. Պատարագի, Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի գերեզմանի մոտ,  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ:  Արարողությանը ներկա էին Թբիլիսիի Ժողովրդական ժողովի՝ Սակրեբուլոյի նախագահը, Սակրեբուլոյի անդամներ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, դիվանագետներ, հյուրեր Վրաստանի հայաբնակ շրջաններից, Հայաստանի Հանրապետությունից: Սայաթ-Նովայի արվեստի անմահության, հայ-վրացական բարեկամության անզուգական երգչի հիշատակին  խոսք ասաց թեմակալ առաջնորդը:

Ավանդական Սայաթնովյան «Վարդատոնին», պահպանելով 111-ամյա ավանդույթները, հմայքն ու գեղեցկությունը, մեծարելով Անմահ աշուղ Սայաթ-Նովայի երգարվեստում տեղ  գտած սիրո, բարեկամության, խոհական և փիլիսոփայական տաղերն ու  վարդի գեղեցկության  գովաբանությունը, Գորգասալի հրապարակում պետական, հասարակական  գործիչների ելույթներից հետո, ծայր առավ համերգային բաժինը, որին մասնակցեցին երգի, պարի վաստակավոր համույթներ և մեծավարպետ մենակատարներ: Թբիլիսիի Մեյդան թաղամասը ցնծում էր Սայաթ-Նովային նվիրված «Վարդատոն»-ի  ուրախությունից, տոնական տրամադրություն ստեղծելով Վրաստանի մայրաքաղաքի բազմազգ ու բազմակրոն բնակչության մոտ:

2

3

4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge