Материалы

ԹԱՆԴՈՅԱՆՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ԹԱՆԴՈՅԱՆՑ ՍԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

ՀԻՄՆԱԴՐՎԵԼ Է 1860–ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ: ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԹԱՆԴՈՅԱՆՑ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԳՏՆՎՈՒՄ Է ԿԻՍԱՔԱՆԴ  ՈՒ  ՎԹԱՐԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ:

Եկեղեցու հիմնադրում. Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասը հայտնի է եղել իր ազգային և կրոնական բազմազանությամբ: Այստեղ կողք կողքի ապրել են տարբեր մշակույթի և դավանանքի ազգեր, որոնցից էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ հայերը: Կուկիո թաղամասում գտնվող հայկական եկեղեցիների, նրանց կալվածքների, ծխական դպրոցի և քահանաների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հաղորդում Հայաստանի ազգային արխիվում պահպանվող արխիվային վավերագրերը:

Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին գտնվել է Կուկիո թաղամասում՝ Վորոնցովի հրապարակի մերձակայքում (ներկայիս Դավիթ Աղմաշենեբելու փողոց): Թանդոյանց Սբ Աստվածածին Եկեղեցու հիմնադրման ժամանակագրական շրջանակներն ընդգրկում են 19-րդ դարի 50-60-ական թվականները: Վերջինիս կառուցման հիմնական ծախսերը հոգացել է Թիֆլիսի հայ մեծահարուստներից Թանդոյանների (Թանդոյանց) ընտանիքը: Պատահական չէ, որ եկեղեցին ժողովրդի շրջանում հայտնի է դարձել Թանդոյանց Սբ Աստվածածին անվամբ:

Արխիվային վավերագրերի հաղորդած տվյալների համաձայն` եկեղեցու կառուցման վերաբերյալ քննարկումները կոնսիստորիայում ընթացել են 1853-1854 թվականներից սկսած: Ինքը` գեներալ Ռեուտը, անգամ խոստացել էր աջակցություն ցուցաբերել եկեղեցու կառուցմանը[1]: Ավելի ուշ` 1866 թ., Թանդոյան ընտանիքի կողմից և թաղամասի հայ ծխականների նախաձեռնությամբ, դարձյալ հարց է բարձրացվում Կուկիո Սբ Աստվածածին փայտաշեն հին եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու մասին[2]: Քարաշեն եկեղեցու կառուցման ավարտի տարեթիվ է համարվում մոտ 1868 թ. [3]:

Ըստ էության 1866-1868 թվականներն ընկած ժամանակահատվածում Թանդոյանների միջոցներով փայտաշեն հին եկեղեցու փոխարեն կառուցվում է քարաշեն ընդարձակ Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին:

Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու բարեկարգման ուղղությամբ հետագա քայլեր ձեռնարկվեցին արդեն 20-րդ դարի սկզբին: Մասնավորապես, 1901 թ. եկեղեցու ծխականները կոնսիստորիային ուղղված գրությամբ թույլտվություն են խնդրում եկեղեցապատկան 7 կրպակների տեղում պարիսպ կառուցելու համար[4]: Թբիլիսիի Կուկիո թաղամասում եկեղեցին ունեցել է նաև իր գերեզմանատունը[5]:

Եկեղեցու կալվածքներ, նվիրատվություններ. Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու կառուցման, նրա հետագա վերանորոգության, կրթական ու տնտեսական նշանակության կառույցների, եկեղեցուն նվիրված կալվածքների վերաբերյալ բազմաթիվ են արխիվային վավերագրերի վկայությունները: Դրանցից մեկի համաձայն` 1870 թ. սեպտեմբերի 15-ին Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Իսահակ Մարտիրոսի Թանդոյանցը կոնսիստորիային խնդրագիր է ներկայացրել Թանդոյանց եկեղեցու գավթում կառուցած ուսումնարանը և պարսպի հյուսիսային կողմում գտնվող նորակառույց 10 կրպակները եկեղեցուն նվիրելու մասին[6]: Արխիվային վավերագրերի թվում է նաև եկեղեցապատկան կրպակների վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային վարչության կողմից հաստատած նախագիծը: 1908 թ. դրությամբ եկեղեցին Թանդոյան­ների կտակի շնորհիվ տոմսեր է ունեցել նաև Թբիլիսիի արքունական բանկում (№52290) և Նահանգային գանձարանում (№ 152409)[7]:

Ծխատեր քահանաներ և երեսփոխաններ. Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու քահանաներ են հիշատակվում Հարություն քահ. Ճուղուրյանը[8], Ներսես ավագ քհն. Ղամազյանցը[9], երեսփոխաններ՝ Ավետիք Թարխանյանցը[10], Ալեքսանդր Գրիգորի Բաբանասյանը[11], Սարգիս Ղամազյանը[12], Խաչատուր Տեր-Մարգարյանը[13] և այլք:

Եկեղեցա-ծխական դպրոց. 1863 թ. Իսահակ Թանդոյանի միջոցներով Սբ Աստվածածին փայտաշեն եկեղեցու գավթում բացվել է երկհարկանի ծխական ուսումնարան, որտեղ սկզբնապես ուսանել են շուրջ 40 երեխաներ[14]: Եկեղեցուն կից գործել է նաև Թանդոյան Շուշանիկյան երկդասյա իգական ուսումնարանը[15]:

Ճարտարապետություն. Կուկիո Թանդոյան Սբ Աստվածածին եկեղեցու ճարտարա­պետական հորինվածքի վերաբերյալ խորազննին հետազոտություններ չեն արվել: Եկեղեցու ճարտարապետության մասին որոշ տեղեկություններ է հաղորդում Մ. Հասրաթյանը իր՝ «Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը» ուսումնասիրությունում, որտեղ նշվում է, որ ճարտարապետա­կան հորինվածքով այն նման է Շամքորեցոց եկեղեցուն: Քառամույթ բազիլիկա է: Տարբերվում է միայն չափերով, հատակագծային և ծավալային լուծման մանրամասներով[16]:

Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին խորհրդային և հետոխորհրդային շրջանում. 1923-1924 թթ. Թանդոյան Սբ Աստվածածին եկեղեցին գրավվում և փակվում է[17]: Եկեղեցու ունեցվածքը բռնագրավվում է, իսկ շենքը հանձնվում հանրապետական պիոներական կազմակերպությանը, որի վերաբերյալ 1925 թ. հոկտեմբերի 5-ի գրությամբ Վրաստանի կենտգործկոմը թեմական խորհրդին տեղեկացնում է, որ եկեղեցին վերանորոգվել ու հատկացվել է պիոներներին, հետևաբար չի կարող վերադարձվել խորհրդին[18]: Այնուհետև եկեղեցին վերածվում է «Կոլխիդա» (Կոլխեթի) կինոթատրոնի:

Վիրահայոց թեմը, հետամուտ լինելով Վրաստանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և դրանց վերադարձմանհիմնախնդրին, 2014 թ. դեկտեմբերի 10-ին դիմում է Վրաստանի կառավարությանը խորհրդային տարիներին բռնագրավված շուրջ 442 հայկական եկեղեցիների, մատուռների հետ վերադարձման խնդրով, որոնց մեջ ներառված էր նաև Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցին: Վերջինիս խնդրով 2015, 2016, 2017 թթ. թեմը դարձյալ դիմել է Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությանը, Վրաստանի մշակութային ժառանգության և հուշարձանների պահպանման ազգային գործակալությանը՝ եկեղեցուն հուշարձանի կարգավիճակ տալու, ապա թաղամասի վերանորոգման ժամանակ, վերա­հսկողության սահմանման, պատմական հուշարձանի իսկական տեսքը պահպանելու խնդրով[19]:

Եկեղեցին վերադարձնելու վերաբերյալ Վիրահայոց թեմի բազմաթիվ խնդրանքներն ու նամակները մնում են անպատասխան կամ անորոշ: Ի հակադրություն այդ ամենին` Վրաց Ուղղափառ Եկեղեցին վիճարկում է Թանդոյանց Սբ Աստվածածին եկեղեցու պատկանելության հարցը: 2016 թ. հոկտեմբերին Վրաստանի հուշարձանների պահպանության ազգային գործակալությունը դիմում է ներկայացրել պետռեգիստր՝ կառույցը պետական սեփականություն գրանցելու հարցով, իսկ 2017 թ. ապրիլին Վրաստանի Պատրիարքարանը նամակ է ներկայացրել՝ չեղարկելու կառույցը պետական սեփականություն դիտարկելը, իսկ հետո դիմել կառույցն իր բալանսին հաշվառելու հարցով: 2017 թ. հուլիսի 11-ին պետռեգիստրը, չեղարկելով կառույցի սեփականության կարգավիճակը, 2017 թ. հուլիսի 18-ին այն գրանցել է որպես Պատրիարքարանի սեփականություն:

2017 թ. սեպտեմբերից, առանց համապատասխան թույլտվության, իշխանությունների կողմից եկեղեցու շուրջ սկսվել են որոշակի մաքրման աշխատանքներ և հնագիտական պեղումներ:

Վիրահայոց թեմը, առաջացած խնդրի կարգավորման նպատակով, ձեռնարկում է մի շարք միջոցառումներ[20]: Թեմը համապատասխան նամակներով դիմում է Վրաստանի Կրոնի հարցերով պետական, ինչպես նաև Հուշարձանների պահպանության և վերականգնման գործա­կալություն­ներին և քաղաքապետարանին: Խնդրի քննարկման նպատակով հանդիպում է կազմակերպում վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ, միաժամանակ հարց բարձրացնում գիտական ուսումնասիրություններ կատարելու և իրավական ճանապարհով խնդրին լուծում տալու գործընթաց սկսելու մասին:



[1]Տե´ս ՀԱԱ, ֆ. 56, ց. 1, գ. 3245, թ. 7 և շրջ.:

[2]Տե´սՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 4767, թթ. 4-5:

[3]ՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 5215, թ. 6-ի շրջ.:

[4]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3411, թ. 5 և շրջ.:

[5]Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, թ. 168:

[6]Տե′ս ՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 5215, թ. 27-28 և շրջ., 30; 33:

[7] Տե´ս ՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3101, թ. 101:

[8]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3241, թ. 108:

[9]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3101, թ. 76:

[10]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 174 (մաս 1), թ. 69:

[11]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 174 (մաս 2), թ. 232:

[12]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 4049, թթ. 7-8, 16:

[13]Տե´սՀԱԱ, ֆ. 53, նույն տեղում, գ. 3101, թ. 18:

[14]Տե´սՀԱԱ, ֆ. 56, նույն տեղում, գ. 5215, թ. 6:

[15] Տե´ս նկ. N 2:

[16] Մ. Հասրաթյան, Թբիլիսիի հայկական եկեղեցիների ճարտարապետությունը, Էջմիածին, 2009 (Զ), էջ 71:

[17]Տե´սՎավերագրեր Հայ եկեղեցու պատմության, Գիրք III, էջ 525-526:

[18] Տե´ս ՀԱԱ, ֆ. 409, ց. 1, գ. 3153, թ.17:

[19] Վիրահայոց թեմի մամլո դիվան:

[20]Նույն տեղում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են