Օլգա Մաճկալյանի 150-ամյակը իր ընտանեկան հարկի տակ
2021 թվականի դեկտեմբերի 12-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում նշվեց Հովհաննես Թումանյանի տիկնոջ՝ Օլգա Մաճկալյանի 150-ամյակը:
Երեկոն նախաձեռնել էին «Թումանյանի տուն» կենտրոնը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը:
Սահմանված կարգավորումների պատճառով, դահլիճում հավաքվածների թիվը փոքրաթիվ էր, ներկա էին միայն պատվաստում անցած անձինք: Միջոցառումը վարեցին Գիսանե Հովսեփյանը, Սուսաննա Խաչատրյանը և Գոհար Մազմանյանը:
Միջոցառման խորհուրդը յուրահատուկ էր, պահպանելով Թումանյան ընտանիքի ջերմությունը, սերն ու հյուրընկալությունը, Օլգա մայրիկի օրինակով այն նվիրվեց ավանդական ընտանիքում հավատքին նվիրվածությանը, ավանդույթների փոխանցմանը և մասունքների պահպանմանը:
Դահլիճը յուրահատուկ շքեղություն էր ստացել, Օլգա մայրիկի հիշատակին այն զարդարվել էր տարբեր ընտանիքներում նախնիներից պահպանվող հազվագյուտ իրերով, որոնք հիշեցնում էին անցած ժամանակների կոլորիտային մթնոլորտը՝ ասեղնագործ նմուշներ, հազվագյուտ հովանոց, սպասք, դրամապանակ, գլխաշոր և նման այլ իրեր: Երախտիքի խոսքեր ուղղվեցին Դավթյան, Զոհրաբյան, Աղեկյան, Աբովյան, Ութմազյան, Երեմյան ընտանիքներին` հազվագյուտ իրերը ներկայացնելու համար:
Միջոցառման ընթացքում տեսակապով միացան Թումանյանի թոռնուհին՝ Իրմա Սաֆրազբեկյանը՝ Գերմանիայից և Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը: Տիկին Իրման, խոսելով իր տատիկ-պապիկի մասին, հիշեց այս պատմական տուն իր այցելությունների, տատիկի հետ իր մտերմության ու հոգատարության մասին, որոնք անմոռաց են: Տիկին Իրման ցույց տվեց կերակուրների պատրաստման բաղադրատոմսերի գրքույկը, որի վրա պահպանվում է Օլգա մայրիկի մատների ջերմությունը: Իսկ Ալյոնա Կալեսնիկովան՝ Թումանյանի ծոռնուհին խոսեց այն գորովալից սիրո մասին, որ Օլգա տատիկը տածում էր թոռներից ամեն մեկի նկատմամբ:
Օլգա Մաճկալյանի և Հովհաննես Թումանյանի ընտանիքի օրինակով ընտանիքը պետք է լինի իսկական օջախ, որտեղ պետք է իշխի հավատը՝ առ Աստված, լինեն բազմաթիվ երեխաներ, ավանդույթները փոխանցվեն սերունդներին, իսկ մասունքները պահպանվեն սրբությամբ:
Անդրադարձ կատարվեց Սուրբ Շուշանիկի վարքագրությանը, Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի՝ հավատքին հավատարմությանը, քանզի հավատքն է, որ մեզանից յուրաքանչյուրի սրտում պետք է լինի ամուր, նվիրական և անսասան:
Ներկաները իրենց ելույթներում արժևորեցին միջոցառման յուրահատկությունը, հիշեցին իրենց ընտանիքներում հաստատված ավանդույթները և իրենց խոնարհումը բերեցին Օլգա Մաճկալյանի հիշատակին:
Ամփոփելով միջոցառումը, գնահատանքի իր խոսքում արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և ընտանիքն անվանեց երկրային այն դրախտը, որն այնտեղ գտնվողին պարգևում է հանգիստ, ջերմություն, սեր, հարգանք: Որպես ընտանեկան մասունք նա ցույց տվեց Գերմանիայի դեմ պատերազմից գերությունից իր հոր բերած գերմանական գդալը, որը հորից փոխանցվել է իրեն և պահպանվում է որպես մասունք:
Միջոցառումը գեղեցկացրին Սուրբ Գևորգ եկեղեցական երգչախմբի ղեկավար Սվետլանա Տատոևայի և նրա սաների դասական կատարումները: Ուշագրավ էր միջոցառման հյուր՝ Թբիլիսիի բժշկական համալսարանի ռեզիդենտ նեյրովիրաբույժ Սամուել Օդեդոկունի դասական երգերի գեղեցիկ կատարումը:
Օլգա Մաճկալյանի 150-ամյակին նվիրված միջոցառումն ավարտվեց թումանյանական ընտանիքին հատուկ թեյախմությամբ: