«Բազմերանգ Վրաստան» ծրագիրը նվիրվեց Հովհաննես Թումանյանի 150-ամյակին
2019 թվականի հոկտեմբերի 24-ին Նինոծմինդայի մշակույթի տանը տեղի ունեցավ Վրաստանի Մշակույթի նախարարության ավանդական «Բազմերանգ Վրաստան» ծրագրի ընթացիկ տարվա միջոցառումը, որն ամբողջությամբ նվիրված էր Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին: Ծրագիրն իրականացվեց Վիրահայոց թեմի հետ համագործակցությամբ, ծրագրի իրականացմանը մասնակցում էին թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային և «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնները, Վրաստանի գրողների միությունը:
Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ թեմի վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի ընկերակցությամբ: Թբիլիսիից ժամանել էր հարգարժան պատվիրակություն՝ մշակույթի նախարարության ազգային ծրագրերի համակարգող Ալեքսանդր Գրիգալաշվիլիի գլխավորությամբ:
Միջոցառմանը ներկա էին Նինոիծմինդայի շրջանային վարչության անդամներ, քաղաքապետարանի և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, դպրոցականներ:
Հոբելյանական տարվա շրջանակներում Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և Վրաստանի մշակույթի նախարարության «Աջակցություն ազգային մշակույթի զարգացմանը» ծրագրի հովանավորությամբ, Վրաստանի գրողների միության և «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի համագործակցությամբ իրականացվեց «Հովհաննես Թումանյան-150» երկլեզվյա ժողովածուի վրացերեն հրատարակությունը, որտեղ ընդգրկված են Ամենայն հայոց բանաստեղծի չթարգմանված քառյակները և թարգմանված որոշ ստեղծագործություններ: Ժողովածուի շնորհանդեսը տեղի ունեցավ «Բազմերանգ Վրաստան» ծրագրի շրջանակներում: Ժողովածուի հրատարակության մասին բանախոսությամբ հանդես եկավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը:
Շնորհանդեսին ելույթ ունեցան Գիվի Շահնազարը, Մաղվալա Գոնաշվիլին,Մանանա Գորգիաշվիլին, Բաղաթեր Արաբուլին, ովքեր մեծ պատիվ համարեցին այս ժողովածուի հրատարակությանն իրենց մասնակցությունը, արժևորեցին հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որի նվիրյալ զինակիցներից էր Հովհաննես Թումանյանը:
Ներկաներին իր օրհնությունը բաշխեց և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Հայր Սուրբը շնորհավորեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները վրացերեն հերթական հրատարակությունը, բարձր գնահատեց հրատարակության խմբագրական կազմի աշխատանքները և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյան-150» մեդալներով պարգևատրեց Գիվի Շահնազարին, Մաղվալա Գոնաշվիլիին և Ալեքսանդր Գրիգալաշվիլիին:
Միջոցառման համերգային ծրագրին մասնակցեց նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Միջոցառումը վարում էին «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, Մշակույթի բաժնի տնօրեն Սուրեն Աբրամյանը:
Շնորհանդեսին զուգահեռ կազմակերպվեց ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Հովհաննես Թումանյանի տարբեր տարիների լուսանկարները: Ցուցահանդեսը վարում էր «Հովհաննես Թումանյան-150» ժողովածուի դիզայներ Իվանե Կեզուան:
Միջոցառումը դարձավ հավաստիքն այն բանի, որ Հովհաննես Թումանյանը սիրելի պոետն է ոչ միայն իր ժողովրդի, այլև վրացի ժողովրդի համար: Նրան ուսումնասիրում են դպրոցներում, նրա բանաստեղծությունները արտասանում են, երգում: Թումանյանն էր, որ հայ ընթերցողին նորովի ներկայացրեց վրաց գրականությունը, և Թումանյանի ստեղծագործությունների թարգմանություններն էին, որ վրաց ընթերցողին ներկայացնում էին ժամանակի հայ գրականության նմուշները: