Թբիլիսիում նշվեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը
2019 թվականի հունիսի 23-ին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոնը:
Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Վաղ առավոտից թբիլիսահայ հավատացյալները շտապում էին Հավլաբարի Ս. Էջմիածին եկեղեցի՝ մասնակցելու տոնական Սուրբ Պատարագին, որը մատուցեց եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:
Հընթացս Ս. պատարագի Պատարագիչ քահանան անդրադարձ կատարեց օրվա խորհրդին, պատմիչ Ագաթանգեղոսի ներկայացմամբ Հայոց մեծ հայրապետ Գրիգոր Լուսավորչի երազ-տեսիլքին եւ Կաթողիկէ Ս. Էջմիածնի տաճարի կառուցման պատմությանը: Արժանապատիվ քահանան խոսեց Հայոց առաջին հայրապետի տարածած հավատքին հայ ժողովրդի հավատարմության, ազգապահպան այն արժեքների մասին, որ կատարում է Հայոց եկեղեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջնորդությամբ:
Տեր Վիրապ քահանան ընթերցեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին նվիրված Վեհափառ Հայրապետի Սրբատառ Կոնդակը և շնորհավորեց հավատացյալներին՝ տոնի առիթով:
Հավարտ Սուրբ Պատարագի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում կատարվեց եկեղեցու բարերաների և Եկեղեցասեր կանանց կողմից կազմակերպված մատաղի օրհնություն, որը բաժանվեց ժողովրդին: