Материалы

«Հովհաննես Թումանյանի հեքիաթների» գերմաներեն գրքի շնորհանդեսը «Հայարտուն» կենտրոնում

2019 թվականի հուլիսի 6-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Հովհաննես Թումանյանի հեքիաթների գերմաներեն գրքի շնորհանդեսը։ Հեքիաթների թարգմանությունը կատարել են ՀՀ Գրողների միության անդամ, գերմանաբնակ գրող, թարգմանիչ Ագապի Մկրտչյանը և պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը։

Միջոցառումը բացեց «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, ով կարևորեց գերմաներեն ժողովածուն, որտեղ առկա է երեխաների ընկալմամբ Ամենայն Հայոց բանաստեղծի հեքիաթների պարզ և խորաթափանց միտքը:

Գրող-թարգմանիչ Ագապի Մկրտչյանն իր խոսքում անդրադարձ կատարեց այն հսկայական աշխատանքին, որ երկու տարվա ընթացքում իրականացվել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքի 3 դպրոցների 8-14 տարեկան աշակերտներին Մեծ Լոռեցու հեքիաթներին ծանոթացնելու և նրանց զգացածը թղթին վերարտադրելու ուղղությամբ: Շնորհանդեսին ներկայացված էին երեխաների ձեռքով արված 30-ից ավելի նկարազարդումները։

2

Պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկը խոսեց, թե ինչ դեր են կատարել Հովհ․Թումանյանի ստեղծագործությունները Հայաստանին ծանոթանալու, այդ երկիրը սիրելու հարցում, ընդգծելով, որ իր համար անգերազանցելի է մնում Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծությունը։

Հովհ. Թումանյանի 20 հեքիաթների թարգմանությանը և նկարազարդումներին անդրադարձան մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը, «Հովհ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, գրող-թարգմանիչ Արտեմ Կիրակոսյանը և ուրիշներ:

Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Վերջինս խոսելով Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործությունների, ի մասնավորի հեքիաթների մշտապես արդիական գաղափարների մասին, օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկին և գրող-թարգմանիչ Ագապի Մկրտչյանին նման ազգանվեր գործ իրականացնելու համար:

Հովհ. Թումանյանի հեքիաթների ժողովածուն հրատարակվել է Ավստրիայի Վոլգան Հագեր հրատարակչությունում և նվիրված է Հայոց Մեծ բանաստեղծի 150-ամյա հոբելյանին: Գրքի շնորհանդեսը կայացել է Երևանում, Գյումրիում, Թբիլիսիում: Աշնանը գիրքը կներկայացվի Ավստրիայի և Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում։

3

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են