Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին
2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց նոր՝ 2019-20 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում: Քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին թիվ 104 դպրոցը, թիվ 103 և թիվ 132 դպրոցների հայկական բաժինները:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:
Հանդիսությունն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Վրաստանի և ՀՀ պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով և մաղթեց հաջողություններ:
Առաջնորդական տեղապահ հգշ. Հայր Կիրակոսը շնորհավորեց ներկաներին, ընդգծեց, որ 20 տարի առաջ ինքը նույնպես ավարտել է այս կրթօջախը և երախտագիտությամբ ու հպարտությամբ է նշում, որ եղել է թիվ 104 դպրոցի սան: Տեր Կիրակոս վարդապետը ոգեկոչեց դպրոցականներին՝ լավ սովորել, եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է ամենամեծ հարստությունը և լավ ապագայի գրավականը:
Հյուրերը շնորհավորեցին աշակերտներին և ուսուցիչներին: Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին և աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները:
Վիրահայոց թեմի պատվիրակությունը հգշ. Տեր Կիրակոս վարդապետի գլխավորությամբ այցելեց նաև թիվ 103 հայ-վրացական դպրոց: Առաջնորդական տեղապահը զրույց ունեցավ դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեի հետ: Վերջինս ընդգծեց, որ դպրոցի հայկական բաժնի սաները առանձնապես աչքի են ընկնում իրենց առաջադիմությամբ և նշեց, որ անցյալ ուսումնական տարում լավագույն աշակերտուհի է ճանաչվել հայկական բաժնի 11-րդ դասարանի աշակերտուհի Լիաննա Էլիբեկյանը, իսկ վրացերեն լեզվից օլիմպիադայի հաղթողներ են հանդիսանում նույն դասարանի աշակերտուհիներ Ժանետա Բաղդասարյանը և Արմինե Աղեկյանը:
Առաջնորդական տեղապահը դպրոցի տնօրենի ընկերակցությամբ շնորհավորեց առաջին դասարանցիներին, դիտեց դպրոցում գործող գրականության կաբինետը:
Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների հայկական կրթօջախները: