Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը մասնակցեց Կրոնի գործակալության գույքի և ֆինանսական հանձնաժողովի հերթական նիստին
2019 թվականի սեպտեմբերի 30-ին Վրաստանի կառավարության վարչական շենքում կայացավ Կրոնի հարցերով պետական գործակալությանը կից գործող կրոնական միավորումների գույքի և ֆինանսական հարցերի ուսումնասիրման երաշխավորական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը: Նիստին ներկա էին Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ վարչա-տնտեսական հարցերի բաժնի տնօրեն Կարեն Երիցյանի ընկերակցությամբ:
Հանձնաժողովը Վրաց Ուղղափառ Եկեղեցու կողմից ներկայացված 16 հարցերից 13-ին տվեց դրական հանձնարարական, իսկ երեք հարցի նկատմամբ սահմանեց մերժում:
Կրոնական միավորումների գույքի և ֆինանսական հարցերի ուսումնասիրման հանձնաժողովը քննարկեց նաև Վիրահայոց թեմի կողմից ներկայացված 2 դիմում, որոնցից մեկը վերաբերում էր Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու և սեղանատան վերանորոգությանը, իսկ մյուսը՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու և հոգևոր հայրերի սենյակի վերանորոգմանը:
Հանձնաժողովը ներկայացված դիմումների հարցով ընդունեց դրական որոշում: