Աշունը Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի սաների պատկերացումներով
2019 թվականի նոյեմբերի 13-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում անցկացվեց Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի աշնան թեմային նվիրված բաց-դաս: Եկեղեցու բակը զարդարվել էր աշնան գույներով, սեղանների վրա գեղեցիկ զամբյուղներով և սկուտեղներով ցուցադրվել էր տարվա այս գեղեցիկ եղանակի բերք ու բարիքը:
Բաց դասին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի ընկերակցությամբ:
Բազմամարդ էր բակը՝ ծնողները, տատիկ-պապիկները եկել էին դիտելու իրենց երեխաների երգը, պարը, արտասանությունը, որ նրանք մայրենի լեզվով սերտել էին ընդամենը երկու ամսվա ընթացքում, նախակրթարան հաճախելու օրվանից:
Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը բացելով միջոցառումը, հորդորեց ականջալուր լինել երեխաների ելույթներին, որոնք ձմռան ցուրտ օրերին կջերմացնեն նրանց հոգիները:
Երեխաները հանդես եկան տարվա այս եղանակին նվիրված արտասանություններով, երգերով ու պարերով, դասին ընդգրկվեցին ինչպես ավագ, այնպես էլ կրտսեր խմբերի սաները: Ակնառու էր նաև նախակրթարանի աշխատողների և ծնողների ներդրումը բաց-դասը հագեցած անցկացնելու գործում:
Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահն իր օրհնությունը բերեց երեխաներին, ծնողներին, բոլոր ներկաներին, բարձր գնահատեց մանկավարժներ Մետաքսյա Ղազարյանի, Լիա Խիթարիշվիլիի, Սուրեն Աբրամյանի և մյուսների կազմակերպչական մեծ աշխատանքը՝ նախակրթարանի սաներին աշնանային գեղեցիկ և արևավառ օր նվիրելու համար:
Բաց դասի գեղեցիկ ավարտ դարձավ չուրչխելների (քաղցր սուջուխ) պատրաստումը մեծահասակների և երեխաների ձեռքով, ինչը բոլորի մոտ ստեղծեց ուրախ տրամադրություն: