Տիկին Ռիտա Սարգսյանի այցելությունը «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոն
2019 թվականի նոյեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն այցելեց ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Այցելությունը անսպասելի էր և հաճելի անակնկալ: ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը և Ռիտա Սարգսյանը Ամենայն Հայոց բանաստեղծի բնակարանի բարերարներից են: Նրանց նախաձեռնությամբ և հովանավորությամբ, Թումանյանի թբիլիսյան բնակարանը համալրվեց ժողովրդական բանաստեղծի ապրած ժամանակաշրջանին հարիր ներքին հարդարանքով, կահավորանքով, սպասքով:
Կատարված փոփոխությունից հետո սա տիկին Ռիտայի առաջին այցելությունն էր թումանյանական շնչով տոգորված այս կենտրոն: Վերջինս ընկերուհիների հետ շրջայց կատարեց կենտրոնի սենյակներում, իր գոհունակությունը հայտնեց կատարված փոփոխության առնչությամբ, հիացմունքով նշեց, որ կենտրոնում հիրավի զգացվում է թումանյանական տան հյուրընկալ շունչն ու մթնոլորտը:
Այս տանը ընդունված ավանդական հյուրասիրությունից հետո, տիկին Ռիտա Սարգսյանը և նրա ընկերուհիները հրաժեշտ տվեցին «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնին, որի կայացման գործում նշանակալից է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահի և նրա տիկնոջ ներդրումը: