Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում
2020 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վիրահայոց Թեմի եկեղեցիներում: Սուրբ Ծննդյան նախատոնակին, եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումիի, Ջավախքի առաջնորդական փոխանորդության, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիները, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը:
Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբգրային տարբեր հատվածներ:
Հավատացյալներով լեփ-լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, որտեղ պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, պետական և հասարակական գործիչներ, համայնքային ղեկավարներ, բազում հավատացյալներ:
Հընթացս Ս. Պատարագի հգշ. Կիրակոս վարդապետն իր քարոզում անդրադարձ կատարեց Տիրոջ Ս. Ծննդյան խորհրդին. Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդին՝ որպես պարգև մարդկությանը՝ մեղքերից ձերբազատվելու, նրա ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, նրան դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու համար: Պատարագիչ Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին Աստծուն խնդրել, որ Իր իմաստության Լույսը ծագեցնի իրենց մտքի, հոգու և կյանքի մեջ, որպեսզի նրանց սիրտը դառնա այն մսուրը, որտեղ կարող է Լույսը ծագել, կարող է Սերը հայտնվել և փառավորվել ամենքի կյաքում և հավատքի մեջ:
Հավարտ Ս. Պատարագի Թեմակալ առաջնորդը վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող աստվածային լույսը, որը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը, առաջնորդի նրանց դեպի ճշմարիտ Լույսը, դեպի Աստծու Որդին: Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:
Սբ. Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագները տանում են իրենց տները: