Материалы

Վիրահայոց թեմում նշվեց Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը

2020 թվականի հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը: Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում առաջին տաղավար տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Վաղ առավոտից հավատացյալները ընտանիքներով, տոնական բարձր տրամադրությամբ շտապում էին Հայոց Եկեղեցի՝ ներկա գտնվելու Սրբազան Պատարագին:

1Հայոց Եկեղեցու տոնը իրենց ներկայությամբ պատվել էին և Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի էին եկել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը, Դավիթ Ճիճինաձեն, Սերգո Ռատիանին, Խատիա Դեկանոիձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Իզաբելա Օսիպովան, Ազգային շարժում կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին, Եվրոպական Վրաստան կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան, համայնքային կառույցների ղեկավարներ, հասարակայնության անդամներ, բազում հավատացյալներ: Վրաստանի հայ հավատացյալներին Սուրբծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով շնորհավորել էին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ մատուցվեց Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:Սուրբ Պատարագի ընթացքում Պատարագիչ Հայր Սուրբը Սուրբ Ծննդյան ավետիսով ողջունեց ներկաներին:

2Հընթացս Սբ. Պատարագի Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով: Եկեղեցում տարածվեց Մանուկ Հիսուսի ծննդյան և Աստվածահայտնության ավետիսը:

Հավարտ Պատարագի Հայր Սուրբը անդրադարձ կատարելով պատմականորեն հավատակից ժողովուրդների հարաբերություններին, հայ և վրաց եկեղեցիների բարեկամությանը և հաշվի առնելով, որ այս գիշեր Վրաց Ուղղափառ Եկեղեցում տեղի է ունենալու Սուրբծննդյան տոնակատարություն, հանուն Վրաստանի հայ հավատացյալների և հոգևոր դասի շնորհավորեց Վրաց Եկեղեցու հավատացյալներին և հոգևորականներին Քրիստոնեական այս մեծ տոնի առիթով: Հայ հավատացյալներին Սուրբ տոնի առիթով շնորհավորեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն և հրավիրեց նույնպես մասնակցել Վրաց Եկեղեցու Սուրբ Ծննդյան տոնակատարությանը:

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ տոնական Սուրբ և անմահ Պատարագներ մատուցվեցին և ջրօրհնեքի արարողություններ կատարվեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին, Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում և հարակից գյուղերում, Քվեմո Քարթլիի, Ռուսթավիի, Մառնեուլի շրջանների գյուղերի հոգևոր տաճարներում:

Բաթումի Սուրբ Փրկիչ Եկեղեցի այցելեցին և հավատացյալների Սուրբ Ծննդյան տոնը շնորհավորեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն և ուրիշներ:

3Հոգեշնոր Տեր Կիրակոս վարդապետի հանդիսապետությամբ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Պատարագի վերջում կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և Եկեղեցու Խաչի կնքահայր դարձավ Յուրի Երեմյանը: Ամենուրեք Սրբասուրբ մյուռոնով օրհնվեց ջուրը և Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու խաչի կնքահայր դարձավ Խաչիկ Փափախչյանը, Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու կնքահայր՝ Մինաս Սափրիչյանը:

Սուրբ Պատարագից հետո ամենուրեք կազմակերպվեց հյուրասիրություն:

Վիրահայոց թեմում Սուրբծննդյան տոնակատարությունը լայնորեն լուսաբանվեց վրացական տարբեր զանգվածային լրատվական միջոցներով:

4

Սբ. Գևորգ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են