Материалы

Վարդելիի անվան լարային քառյակի հաջողությունը Մալթայում

2020 թվականը առանձնահատուկ հաջողությամբ սկսվեց Վարդելիի անվան լարային քառյակի համար: Երիտասարդ երաժիշտները, ովքեր ուսանում են Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային գործիքների վաստակաշատ ուսուցիչներ, պրոֆեսոր Էռնստ Առաքելովի և Նոդար Ժվանիայի դասարաններում, հունվարի 18-ից 22-ը մասնակցեցին Մալթայի Վալլետտա քաղաքում անցկացվող լարային քառյակների միջազգային մրցույթին:

Քառյակի անդամներ՝ առաջին ջութակ Կոնստանտին Երոյանի, երկրորդ ջութակ Դավիթ Հակոբյանի, թավջութակ Գիորգի Նադարեիշվիլիի և ալտ՝ Եկատերինա Ղազարյանի համար դա առաջին մասնակցությունն էր հեղինակավոր միջազգային մրցույթին: Նվիրվելով կվարտետային երաժշտության տիրապետմանը, երիտասարդ կատարողները լավ էին պատկերացնում այլ երկրներից ժամանած քառյակների հետ մրցակցելու պատասխանատվությունը: Լարային քառյակի մասնակիցները ելույթ էին ունենալու նվագարանների վարպետների պատրաստած գործիքներով՝ իրենց կատարողական հմտության և վարպետության հետ միաժամանակ ցուցադրելով նորաստեղծ նվագարանի հնչեղությունը և բարձրարժեքությունը:

Չորս օր տևած մրցույթն ընթացավ երեք փուլով: Եթե առաջին փուլին մասնակցում էին ութ քառյակներ տարբեր երկրներից, ապա եզրափակիչում ընդամենը երկուսն էին՝ Վարդելիի քառյակը և Նիդեռլանդների քառյակը: Լարային քառյակի երգացանկում էին առաջին փուլում Բեթհովենի 9-րդ կվարտետը, երկրորդ փուլում Գրիգի առաջին կվարտետը, իսկ եզրափակիչում արդեն նվագեցին B.Field string quartet № 1 և Աբելայի «Ֆանտազիան»:

Ելույթները գերազանց էին: Մրցույթն ավարտվեց Վարդելիի անվան լարային քառյակի մեծ հաջողությամբ: Մրցույթի առաջին մրցանակը ոչ ոքի չտրվեց, երկրորդ մրցանակը ստացավ Նիդեռլանդները ներկայացնող քառյակը, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Վրաստանը ներկայացնող խումբը: Ուրախալի է նաև այն, որ գործիքները, որոնց վրա նվագում էին այս լարային քառյակի անդամները, արժանացան բարձր գնահատականի, իսկ պատրաստող վարպետը պարգևատրվեց ոսկե մեդալով:

Img 52212B47D582B02513F01Ac5F9568Baf VԸնդամենը մի քանի տարվա պատմություն ունեցող քառյակի կազմում ուսանողներ են, այն կրում է հիմնադիր երաժիշտ երջանկահիշատակ՝ Կոնստանտին Վարդելիի անունը: Քառյակը ներկայումս գործում է կոնսերվատորիայի լարային գործիքների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Վրաստանի վաստակավոր դերասան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր Էռնստ Առաքելովի գլխավորությամբ: Այն առ այսօր արձանագրել է բազում ելույթներ Վրաստանում, մասնակցել տարբեր միջոցառումների Թբիլիսիում և նրա սահմաններից դուրս:

Քառյակը, նվիրվելով կամերային երաժշտության տարածմանը և այն ունկնդրին բարձրարժեք ներկայացնելուն, բազմիցս հաջողությամբ մասնակցել է Վիրահայոց թեմի նախաձեռնած միջոցառումներին: Դրանք եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոն, հոգևոր երաժշտության էկումենիկ միջոցառումը, ինչպես նաև Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումները Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում և կոնսերվատորիայի մեծ դահլիճում, ամեն անգամ արժանանալով ունկնդրի ջերմ ընդունելությանը և բարձր գնահատականին:

Շնորհավորում ենք Վարդելիի անվան լարային քառայակի հաջողությունը, մաղթում նրանց մասնակցություն այլևայլ հեղինակավոր մրցույթների և փառատոների, և իրենց անհատական բարձրարժեք կատարումներով շարունակել ներկայացնել հաղթական միասնական ելույթներ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են