Նախարար Սուրեն Պապիկյանն այցելեց հայկական կառույցներ
Վրաստան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, չնայած հանդիպումներով հագեցած օրվան, 2020 թվականի փետրվարի 12-ին այցելեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Նախարար Պապիկյանին դիմավորեցին արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը և բարեշնորհ Գիորգի սարկավագ Աբրամյանը: Պարոն նախարարը ունկնդրեց եկեղեցու կառուցման, իրականացված հիմնանորոգությունների մասին Տեր Հուսիկ քահանայի պատմածը: Հյուրերը մոմեր վառեցին և աղոթք արեցին առաջնորդանիստ եկեղեցում, դիտեցին եկեղեցու պատերը զարդարող որմնանկարները:
Հյուրերն իրենց խոնարհումը բերեցին եկեղեցու բակում հանգչող Սայաթ-Նովայի շիրմին և հուղարկավորված հայ գեներալների տապանաքարերին:
Այնուհետև նախարար Պապիկյանը ուղեկիցների հետ միասին այցելեց «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն: Հյուրերը շրջայց կատարեցին պատմական տանը, ունկնդրեցին էքսկուրսավար Գոհար Մազմանյանին, որից հետո նախարարը գրառում թողեց Հովհաննես Թումանյանի տան հուշամատյանում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան կատարած այցի շրջանակներում եղավ Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոնում և «Գարի Դավթյան» մշակույթի տանը։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ծանոթացավ Թբիլիսիում հայ համանքի, վերոնշյալ կառույցների գործունեությանը: