Материалы

Բուն Բարեկենդանը Թբիլիսիում նշանավորվեց հարիսայի փառատոնով

2020 թվականի փետրվարի 23-ին Բուն Բարեկենդանի տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցված Սբ. պատարագով, որի պատարագիչն էր արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Տոնական օրվան էր նվիրված նաև «Հարիսա-2020» փառատոնը, որը կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասը և «Հայարտուն» կենտրոնը:

Թբիլիսահայ համայնքում ավանդույթ դարձած այս փառատոնը, տարեցտարի ընդարձակվելով, վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային ճաշատեսակով: Միջոցառմանը ներկա էին հոգևոր հայրերը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Արտակ Գրաբսկին, քաղաքի Սակրեբուլոյի ազգային փոքրամասնությունների բաժնի ղեկավար Ռիտա Խիդիրբեգաշվիլին, համայնքային ներկայացուցիչներ և վիրահայ համայնքի անդամներ:

87270602«Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով սեղաննհերին շարվել էին «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի, մեկօրյա դպրոցների սաների, «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախմբի, «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի, Թեմի երիտասարդական բաժնի, «Շուշանիկ» միության բազում անդամների, կամավորների բերած յուղալի հարիսայով կաթսաները:

Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց ավանդական միջոցառման նպատակը՝ Մեծ Պահքի նախօրեին նշվող Բուն Բարեկենդանի տոնին ներդաշնակելով, պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս կերակրատեսակը, ժողովրդական ավանդույթները և սովորությունները: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասին, Տեր Վիրապ քահանա Ղազարյանին և նրա ընկերներին, ում աջակցությամբ և հովանավորությամբ ապահովվեց հարիսայի փառատոնի իրականացումը:

Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը և բարեմաղթանքները, ներկաներին շնորհավորեց Բուն Բարերկենդանի տոնի կապակցոսթյամբ և մաղթեց ամուր կամքով և անսասան հավատքով անցնել Մեծ Պահքի ժամանակաշրջանն ու դիմավորել Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

87318644Այնուհետև հոգևոր հայրերի կողմից օրհնվեցին սեղանները ու սկսվեց հարիսայի համտեսն ու հյուրասիրությունը՝ ներդաշնակված ուրախ երգ-երաժշտության հետ: Բուն բարեկենդանի և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը թևածում էր շուրջբոլորը:

Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ այս փառատոնը անց է կացվում 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի ընդարձակվելով՝ այն վերածվել է ժողովրդական տոնահանդեսի: Հարիսան հայկական ազգային կերակրատեսակ է, որի պատրաստումը երկարատև, սակայն անչափ հետաքրքիր գործընթաց է: Ըստ ավանդության, հարիսայի պատրաստման սովորույթը կապված է Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Չքավորներին կերակրելու համար նա գյուղի ժողովրդից խնդրում էր մեծ քանակությամբ միս և հացահատիկ, իսկ իր աշակերտերին հրամայում՝ հարել կաթսայի միսը, և ասում. «Հարեք սա», այստեղից էլ գալիս է ուտեստի անվանումը – Հարիսա:

87390821

Հայարտուն

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են