Աղոթքով հայցենք փրկություն տարածվող համաճարակից
2020 թվականի փետրվարի 27-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, հոգևորականաց դասի և սարկավագների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդհանրական աղոթք, որի ժամանակ ներկաները աղոթք բարձրացրին առ Աստված՝ համաշխարհային մասշտաբ ընդունած համաճարակից մարդկանց փրկության խնդրանքով:
Հավարտ արարողության, աղոթքի մասնակիցներին դիմեց առաջնորդական տեղապահը: Հայր Սուրբը հիշեցրեց նախկինում տեղի ունեցած նման համաճարակների մասին և հորդորեց ներկաներին՝ առանց խուճապի մատնվելու ապավինել ամենազոր Աստծուն, աղոթքով և հավատքի ուժով դիմակայել ներկա փորձությանը և ապրել փրկության հաղթանակի հույսով:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով հիվանդանալու դեպք է ամրագրվել նաև Վրաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքեր ամրագրվել են 37 երկրներում, վարակվածների թիվը հասել է 2 հազար 918-ի, զոհերինը՝ 43-ի: