Համազգային աղոթք և քահանայից ժողով Վիրահայոց թեմում
Այսօր, 2020 թվականի մարտի 18-ին, անսալով Վեհափառ Հայրապետի կոչին, ինչպես Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում, այդպես էլ Թբիլիսիի Սբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, տեղի ունեցավ համազգային աղոթք: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հգշ. Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ և մասնակցությամբ, Թբիլիսի քաղաքի քահանայից ու սարկավագաց դասի, ինչպես նաև թեմի պաշտոնեության, ներկաներն իրենց սրտաբուխ աղոթքն ուղղեցին առ Աստված՝ ամբողջ աշխարհը հուզած ու Վրաստանում նույնպես տարածում գտած կորոնավիրուսի դեմ պայքարում առավել զորանալու, վարակված հիվանդների առողջության և շուտափույթ ապաքինման համար:
Հավարտ ժամերգության, թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ քահանայից ժողով: Ժողովի օրակարգը հիմնականում նվիրված էր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում թեմի բոլոր հովվություններում եկեղեցական-ծիսական արարողակարգերի կազմակերպման հարցերին: Նախորդիվ արդեն Վեհափառ Հայրապետի որոշմամբ Հայաստանյայց թեմերին փոխանցվել էին համապատասխան ցուցումները՝ կապված համավարակի պարագայում եկեղեցիների գործունեության առանձնակի հանգամանքներին:
Նույն որոշմանը համահունչ, Վիրահայոց թեմի եկեղեցիների համար նույնպես սահմանվեցին համապատասխան մոտեցումներ: Պետք է նախապես նշել, որ բոլոր որոշումները բացարձակապես չեն հակասելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոններին ու դավանաբանությանը և որոշակի փոփոխությունների ենթարկված եկեղեցական-ծիսական արարողությունները նպատակ ունեն, պահպանելով համավարկի դեմ պայքարի կարևորագույն մոտեցումները, անխափան պահել եկեղեցական կյանքի բնականոն գործունեությունը: Ըստ այդմ.
- Բոլոր եկեղեցիները շարունակում են բաց լինել ամեն օր ժամը 9.00-ից 19.00ը:
- Մեծի պահոց շրջանի պատարագները կշարունակվեն մատուցվել, սակայն հորդորում ենք հիվանդության ռիսկային խմբում գտնվող բոլոր տարեց և հասարակական տրանսպորտով օգտվող հավատացյալներին մնալը տանը և աղոթակից լինել տնից:
- Մարտի 28-ին նախատեսված Սբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապի տոնին նվիրված բաց Պատարագը չեղարկվում է:
- Ծաղկազարդի և հետագա բոլոր բաց Պատարագները տեղի են ունենալու:
- Բաց պատարագներին հաղորդության սուրբ խորհրդի բաշխման ժամանակ, ինչպես և նախկինում, քահանաների կողմից օգտագործվող թաց սրբիչները ներծծված կլինեն սպիրտային լուծույթով, որով սպասարկող հոգևորականը ամեն հաղորդվողին սրբությունը փոխանցելուց հետո կսրբի մատները: Պատարագների սկզբում և վերջում կախտահանվեն օգտագործվող ծիսական պարագաները, ի մասնավորի՝ սկիհն ու մաղզման:
- Պատարագների ժամանակ տեղի ունեցող որոշ բարեպաշտական սովորություններ կենթարկվեն որոշակի փոփոխությունների: Ի մասնավորի՝ Ողջույնի ժամանակ հավատացյալների կողմից ողջագուրվելու սովորությունը կփոխարինվի քահանայի կողմից տրվող օրհնանքով, Խաչը և Սբ Ավետարանները համբուրելու սովորությունը կփոխարինվի քահանայի կողմից Խաչը հավատացյալների գլխին դնելով:
- Մկրտության արարողությունները հավատացյալների խիստ ցանկության դեպքում տեղի կունենան միայն մկրտվողի ծնողների ու կնքահոր մասնակցությամբ: Մկրտության ծեսի ժամանակ նույնպես քահանաները կօգտագործեն ախտահանիչ սրբիչներ:
- Թաղման և հոգեհանգստի կարգերը հնարավորինս կազմակերպել գերեզմաններում և ոչ թե ննջեցյալի տանը կամ սրահներում, զերծ մնալով հոգեհացի արարողությունից: Հորդորել սգակիր հարազատներին, որ գերեզմաններում նույնպես հավաքվեն հնարավորինս 20 հուգուց ոչ ավելի հարազատներով:
- Թեև արդեն բոլոր եկեղեցիներն ու գրասենյակները ախտահանվել են մասնագետների կողմից, այդուհանդերձ ամենօրյա ռեժիմով հավաքարարների կողմից ախտահանվելու են եկեղեցիների բոլոր դռները, սրբապատկերները և այն հատվածները, որտեղ տեղի են ունենում հպումներ:
Վիրահայոց թեմը կշարունակի հետևել Վրաստանի պետության կողմից տրվող բոլոր ցուցումներին և ըստ այդմ, անհրաժեշտության դեպքում կկիրառի նաև համապատասխան միջոցներ: