Հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի առաջնորդական այցը Ջավախք
2020 թվականի օգոստոսի 12-13-ին, Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը, առաջնորդական այցով գտնվում էր թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում:
Այցը մեկնարկեց Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցի այցելությամբ: Հայր Սուրբը աղոթք բարձրացրեց հինավուրց տաճարում, շրջայց կատարեց և մանրամասն ծանոթացավ եկեղեցու շինության իրավիճակին:
Առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի նստավայրում հգշ. Տեր Կիրակոս վարդապետը հանդիպում ունեցավ տեղի հոգևորականաց և սարկավագաց դասի, փոխանորդության աշխատակազմի հետ: Հոգևորականները ներկայացրեցին փոխանորդության արդի իրավիճակը, խոսեցին նաև առկա խնդիրների և դրանց վերացման ուղիների մասին:
Հանրագումարելով հանդիպումը, առաջնորդական տեղապահը արժևորեց հոգևորականաց դասի նվիրական ծառայությունը, հորդորեց հետևողականորեն աշխատել խնդիրների վերացման ուղղությամբ, Աստվածահաճո ծառայությամբ ամրապնդել և խորացնել հավատքը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ, հոգևոր, մշակութային և կրթական ուղղությամբ ծավալած աշխատանքներով օժանդակել ժողովրդի համախմբմանը Եկեղեցու շուրջը:
Հգշ. Տեր Կիրակոս վարդապետը այցի շրջանակներում այցելեց նաև վերանորոգվող եկեղեցիների շինհրապարակ: Ծանոթացավ աշխատանքների ընթացքին:
Երկօրյա այցի ընթացքում առաջնորդական տեղապահին ուղեկցում էր վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը: