Վիկտոր Հովսեփյանի «Երկխոսություն քնարերգության լեզվով» գրքի շնորհանդես
2020 թվականի հոկտեմբերի 2-ին, Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում կայացավ Վիկտոր Հովսեփյանի «Երկխոսություն քնարերգության լեզվով» գրքի առցանց շնորհանդեսը: Գիրքը երկլեզվյա է, տեղ են գտել Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործական աշխարհից վրացերեն թարգմանությունները, որոնք իրականացրել են ճանաչված բանաստեղծ-թարգմանիչներ Մաղվալա Գոնաշվիլին և Գիվի Շահնազարը: Վաղամեռիկ բանաստեղծի ստեղծագործական ոգուն հոգեհարազատ էին փիլիսոփայական խորությամբ գրված և թեև հայ ընթերցողին սակավ հայտնի վրաց բանաստեղ Տերենտի Գրանելու ստեղծագործությունները, որոնց թարգմանությունն իր կենդանության օրոք նա կատարել էր բարձր վարպետությամբ: Ուստի միանգամայն ողջունելի էր նորընծա գրքում այդ թարգմանությունների զետեղումը:
Գրքի հրատարակությունն իրականացվել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ազգային մշակույթի զարգացմանը օժանդակության ծրագրի շրջանակներում, Վիրահայոց թեմի հայ և վրացական գրական կապերի խորացմանը նպատակուղղված նախագծով:
Միջոցառմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Շնորհանդեսին ներկա էին նաև Վիկտոր Հովսեփյանի այրին՝ տիկին Թերեզա Հովսեփյանը և Տերենտի Գրանելու թոռը՝ Մամանտի Ռոգավան:
Չնայած վերջին օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ընթացող թեժ մարտական գործողություններին, սույն գրքի շնորհանդեսը երեխայի ծննդի նմանօրինակությամբ կրում էր խաղաղ կյանքի անշրջելիության գաղափարը:
Շնորհանդեսը դարձավ կենդանի կամուրջ շնորհաշատ բանաստեղծի ծննդավայր Հեշտիայում Վիկտոր Հովսեփյանի անունը կրող թիվ մեկ դպրոցի հետ: Դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանի գլխավորությամբ բարձր դասարանի սովորողները Սկայպի միջոցով ընթերցեցին հատվածներ գրքից, անդրադառնալով Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործական աշխարհի նմուշներին և ծանոթանալով իրենց սակավ ծանոթ վրաց բանաստեղծ Տերենտի Գրանելու ստեղծագործական աշխարհի հիասքանչ էջերին:
Վրաստանի մշակույթի նախարարության ազգային ծրագրերի համակարգող Ալեքսանդրե Գրիգալաշվիլին, ում նախաձեռնությամբ իրականացավ սույն գրքի լույս աշխարհ գալը, իր ելույթում նշեց, որ Վիկտոր Հովսեփյանի և Տերենտի Գրանելու և այլ հայկական և վրացական գրական ստեղծագործությունների ներքին կապը, ասելիքի խորությունը երկու ժողովուրդներին հասանելի դարձնելու, երիտասարդներին ծանոթացնելու նպատակով նման միջոցառումները պետք է լինեն շարունակական, քանզի անկարելի է պատկերացնել Վրաստանն կյանքն առանց հայ մշակույթի ավանդի, հայ մշակույթն՝ առանց վրացական հետքի:
Իրենց ելույթներում Վրաստանի գրողների միության համանախագահներ Մաղվալա Գոնաշվիլին, Բաղաթեր Արաբուլին, Թբիլիսիի Դիդուբեի պանթեոնի տնօրեն Բսդրի Քութաթելաձեն, Վրաստանի գրողների միության մամուլի քարտուղար Մանանա Գորգիշվիլին, անդրադարձ կատարեցին այն հանգամանքին, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում հայ մեծ դասական Հովհաննես Թումանյանի տանը, արժևորեցին հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որն այլ տարբերակ չունի, և ընդգծեցին այդ բարեկամության զարգացման և խորացման գործում հայ և վրացի գրողների անհերքելի դերակատարությունը: Ելույթ ունեցողները արձանագրեցին երկու մեծանուն բանաստեղծների հոգուց բխող ստեղծագործական աշխարհի լայն մտահորիզոնը:
Վիկտոր Հովսեփյանի ստեղծագործություններից հայերեն և վրացերեն հատվածներ ընթերցեցին պրոֆեսոր Էմմա Ախտյանը և վաստակաշատ ուսուցչուհի Ռոզա Զոհրաբանը: Միջոցառումը վարեցին «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը և էքսկուրսավար Գոհար Մազմանյանը:
Կենտրոնի դահլիճում, երիտասարդ նկարիչ Իվանե Կեզուայի նախաձեռնությամբ, ցուցադրվել էին Վիկտոր Հովսեփյանի տուն թանգարանից նմուշների և Տերենտի Գրանելու վրացի անվանիների հետ պատկերով լուսանկարներ: