Զորակցության աղոթք
2020 թվականի հոկտեմբերի 11-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ, կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց ավագ քահանա արժանապատիվ Տեր Եղիշե Հարությունյանը:
Հավարտ Սբ. Պատարագի, Հայր Սուրբի նախագահությամբ, բարձրացվեց զորակցության աղոթք՝ ի Արցախ, ընթերցվեց վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և վասն զորակցության հայրենյաց պաշտպանների՝ խաղաղության աղոթքը:
Հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը դիմելով ներկաներին, կոչ արեց մեր աղոթքներով զորակցել մայր հայրենիքին և Արցախի պաշտպանության դիրքերում կանգնած հայրենակիցներին, ակտիվորեն մասնակցել Վիրահայոց թեմի եկեղեցիներում կազմակերպված հանգանակությանը, ռեստորաններում և զվարճության այլ վայրերում ժամանցներին մասնակցելու փոխարեն ներդրում կատարել Արցախի օգնության գործընթացին, քանզի այդ աջակցությունը անհրաժեշտ է ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլև նենգ թշնամու վայրագություններից, անմարդկայնորեն կատարված ավերածություններից տուժած հայրենիքի վերականգնման համար:
Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում ակտիվորեն ընթանում է շարունակական հանգանակությունը՝ ի զորակցություն Արցախի: