Материалы

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց Թեմի եկեղեցիներում

2021 թվականի հունվարի 5-ի երեկոյան՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առաջին տաղավար տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Վիրահայոց Թեմի եկեղեցիներում: Սուրբ Ծննդյան նախատոնակին, եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:

Չնայած համավարակի պատճառով երկրում գործող սահմանափակումներին, այնուամենայնիվ բազմամարդ էին Թբիլիսիի, Բաթումի, Ջավախքի հայոց եկեղեցիները: Ըստ ծիսական ավանդույթի, հավատացյալները եկել էին առաջինը լսելու Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսը: Մինչ Սբ. Պատարագի սկսվելը, եկեղեցիներում կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին Սուրբգրային տարբեր հատվածներ:

Հավատացյալներով լեցուն էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցին, Վիրահայոց Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Ճրագալույցի Սբ. Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ընտանյոք հանդերձ, դիվանագետներ, պետական և հասարակական գործիչներ, համայնքային ղեկավարներ, բազում հավատացյալներ:

Հգշ. Կիրակոս վարդապետն իր քարոզում խոսեց անցած տարում տեղի ունեցած պատմական դաժան իրադարձությունների, արցախյան պատերազմի արհավիրքների և նահատակված հազարավոր զոհերի մասին: Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդի խորհրդին՝ որպես պարգև մարդկությանը մեղքերից ձերբազատվելու, ցավերն ամոքելու, հույս և ապավեն դառնալու, նրան դեպի Երկնային թագավորություն առաջնորդելու աստվածային ուղի:

Հավարտ Ս. Պատարագի Թեմակալ առաջնորդը վառեց կենսատու մոմը, որը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը, ով Աստծու Որդին էր և առաջնորդեց մարդկանց դեպի ճշմարիտ Լույսը: Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց ներկա հավատացյալներին: Նրանք եկեղեցում վառված ճրագներով իրենց հետ տարան Սուրբ Ծննդյան ավետիսը և աստվածային լույսը:

Սբ. Պատարագի արարողությունից հետո հոգևորականների թափորը շարժվեց դեպի թեմակալ առաջնորդի «Հայարտուն» նստավայր, որտեղ կատարվեց տնօրհնեքի կարգ:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդին և Սուրբ Զատկին նախորդ օրերը կոչում է ճրագալոյց: «Ճրագալոյց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագները տանում են իրենց տները: Ըստ Հայ Եկեղեցու՝ ավարտվում է Սբ. Ծննդյանը նախորդող մեկշաբաթյա պահոց շրջանը: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:

136707126

Սբ. Էջմիածին

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են