Սիրո և բարության նվերներ «Ռաֆայել Ջավախ» կենտրոնի սաներին
2021 թվականի մարտի 6-ին ուրախ տրամադրություն էր տիրում Վիրահայոց թեմի Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնում (համակարգող՝ Ժորա Սնխչյան, հոգևոր տեսուչ՝ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյան): Կենտրոնում կազմակերպվել էր կերպարվեստի խմբակի սաների (ուսուցչուհի՝ Ռուզաննա Սիրականյան) աշխատանքների ցուցահանդեսը, որին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Հայր Սուրբը շրջայց կատարեց կենտրոնի խմբակներում, զրուցեց սաների հետ, գովեստի խոսքեր ուղղեց խմբակի անդամներին, ում աշխատանքները տեղ էին գտել ցուցահանդեսի ցուցանմուշների շրջանում:
Թեմակալ առաջնորդը իր օրհնությունը հղեց կենտրոնի սաներին և հիշեցրեց, որ «Սամարացու քսակ» միջազգային կազմակերպությունը այս տարի ևս ամանորյա նվերներ է ուղարկել Վրաստանի տարբեր կրոնական կազմակերպությունների շուրջ համախմբված 3-14 տարեկան երեխաներին որպես սիրո և բարության խորհրդանիշ: Տեր Կիրակոս վարդապետը կենտրոնի կերպարվեստի, Հայ եկեղեցու պատմության, հայոց պատմության և երգչախմբի անդամներին բաժանեց սույն նվերները: Նվերներ կստանան նաև կենտրոնի մյուս խմբակների սովորողները:
Տեր Արմաշ քահանա Պողոսյանը և Ժորա Սնխչյանը շնորհակալական խոսք հղեցին թեմակալ առաջնորդին և միջազգային կազմակերպությանը՝ նվերների համար: