Միջինքի տոնակատարությունը Վիրահայոց թեմում
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Մեծ Պահքի շրջան է: 2021 թվականի մարտի 10-ին Պահքը կիսվեց, քանզի 24-րդ օրն էր: Այն կոչվում է Միջինք: Եկեղեցական այս տոնը ուղեկցվում է ժողովրդական մի շարք սովորություններով ու ավանդույթներով, օրինակ, գաթա կամ բաղարջ թխելով: Վիրահայոց թեմի եկեղեցիներում հավուր պատշաճի էին պատրաստվել տոնին:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հոգևոր հովիվ հոգեշնորհ տեր Զավեն վարդապետ Յազիչյանի ու հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց «Հանգստյան» ժամերգություն: Ներկաներին իր օրհնությունը հղեց և օրվա խորհրդին անդրադարձ կատարեց Թեմակալ առաջնորդը:
Հոգեշնորհ Տեր Կիրակոսը հավատացյալներին մաղթեց սիրով և հավատքով անցնել նաև Պահքի երկրորդ կեսը, որը կշարունակվի մինչև Հրաշափառ Հարության տոնը, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվում է ապրիլի 4-ին:
Միջինքի տոնը հանդիսավորությամբ նշվեց նաև Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում:Վրաստանի մայրաքաղաքի երկու եկեղեցիներում ծեսից հետո եկեղեցիների խաչքավորներ Յուրի Երեմյանի և Գրիգոր Նալբանդյանի կողմից հավատացյալները հյուրասիրվեցին հայկական գաթայով և ուրախացան իրենց բաժին ընկած օրհնված խաչի անակնկալով:
Իսկ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդությունում և Բաթումիի «Սուրբ փրկիչ» եկեղեցում Միջինքի տոնը վեր է ածվել հայկական գաթայի փառատոնի: Հավատացյալները ժամերգության էին եկել այդ օրվա համար հատուկ թխած տարատեսակ գաթաներով:Ամենուրեք օրհնվեցին տանտիկինների ձեռքով թխած անուշահամ գաթաները և բաժանվեցին հավատացյալներին:
Միջինքի պարգևած ուրախությանը մասնակից դարձան նաև Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները: Ստանալով Տեր Տաթև քահանա Մարուքյանի օրհնությունը, հյուրասիրվեցին համեղ գաթայով:
Խաչի քավորների պատրաստած անակնկալները՝ օրհնված խաչերը հավատացյալների օրը՝ մեծից փոքր դարձրին առավել տոնական: