Խորհրդակցություն Վիրահայոց թեմի առաջնորդարանում
2021 թվականի մարտի 24-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ եկեղեցու առաջնորդարանում տեղի ունեցավ առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիպումը Թեմի մամլո և լրատվության բաժնի աշխատակազմի հետ: Թեմակալ առաջնորդը հղելով իր օրհնությունը բաժնի աշխատակիցներին, ներկայացրեց իր տեսլականը թեմի պաշտոնական կայք-էջում և սոցիալական էջերում տարբեր կառույցների գործունեությունն արտացոլելու մասին: Հայր Սուրբը ներկաներին իրազեկեց նաև Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Կարմիր և Շահումյան գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանին լրատվական բաժնի էլեկտրոնային ծրագրի պատասխանատու նշանակելու իր տնօրինության՝ մասին:
Հայր Զավենը ներկայացրեց լրատվական բաժնի հետագա գործունեության իր նախագիծը, որը պետք է հավուր պատշաճի և ճիշտ տիրույթով արտացոլի Վիրահայոց թեմի առօրյան և գործունեությունը ինչպես Թբիլիսիում, այնպես էլ տարածաշրջաններում:
Լրատվական բաժնի աշխատակազմն ի գիտություն ընդունեց նոր նախագծի պահանջները և պարտավորվեց գործունեությունն իրականացնել նոր մոտեցումներին համապատասխան: