Ծաղկազարդի տոնը Վիրահայոց թեմում
2021 թվականի մարտի 28-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:
Հավատացյալներով լեցուն Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ-քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին, չարի պարտության և բարու ու սիրո հաղթանակի մասին:
Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահը իր օրհնությունը բաշխելով ներկաներին, խոսեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի մի քանի դրվագների մասին:
Այնուհետև Հայր Սուրբի գլխավորությամբ կատարվեց մանուկների և ձիթենու և ուռենու ոստերի օրհնության կարգ: Օրհնված ոստերը հավատացյալները տարան իրենց հետ:
Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը Հայոց Եկեղեցի: Հոգևոր հայրերը օրհնում էին հավատացյալների ձեռքին ունեցած ուռենու ոստերը, քանզի ոստերը և ճյուղերը խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը: