Материалы

Ճրագալույցի Սուրբ Պատարագ Վիրահայոց թեմում

2021 թվականի ապրիլի 3-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ: Այդ օրերին, ըստ հատուկ արարողակարգի, վառում են տաճարի ջահերն ու կանթեղները, բացվում են Եկեղեցու խորանի վարագույրները և վառվող մոմերը բաժանում են ժողովրդին, որից հետո մատուցվում է Սուրբ Պատարագ:

Թբիլիսիի Սուրբ  Էջմիածին  եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ,Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Սուրբ Պատարագին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանում ՀՀ  դեսպանության դիվանագետներ, թբիլիսահայ համայնքային գործիչներ, հյուրեր, բազում հավատացյալներ:

Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ քահանան անդրադարձ կատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության խորհրդին, չարի  պարտության և  բարու հաղթանակին և  ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը: Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:

Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առիթով, բարեմաղթեց Վրաստան և Հայաստան աշխարհներին խաղաղություն, առաջընթաց ու զարգացում:

Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։ Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են