Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում
2021 թվականի ապրիլի 4-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալների հոծ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով և արարողակարգերին համապատասխան: Ինչպես Ճրագալույցի երեկոյան, այնպես էլ Սուրբ Զատկի օրը Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում, Սամցխե-Ջավախքում, Մառնեուլիի, Ծալկայի և Թեթրիծղարոյի շրջաններում, հավատացյալ բազմության մասնակցությամբ, տեղի ունեցան սրբազան արարողություններ:
Հավատացյալներով լեցուն էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիների բակը և մերձակա տարածքը: Եկեղեցիներում կատարվեց ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ, Քվեմո Քարթլիի Շահումյան և Կարմիր գյուղերի հոգևոր հովիվ հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Հայոց Եկեղեցում Սուրբ Հարության տոնակատարությունը հարգել էին վրացական իշխանությունների ներկայացուցիչները, ի մասնավորի Պատարագին ներկա էին Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային կառավարման կոմիտեի նախագահ Սոզար Սուբարին, Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների խորհրդի համակարգող Կոբա Չոփլիանին, Վրաստանի հանրային հեռուստատեսության հոգաբարձուների խորհրդի անդամ Իզաբելլա Օսիպովան, նախկին խորհրդարանային Դավիթ Ճիճինաձեն, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, այլ նշանավոր հայորդիներ և բազում հավատացյալներ:
Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազան Հայրը ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:
Հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, Թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Սբ.Զատիկի՝ որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակի տոնի կապակցությամբ:
Այնուհետև թեմակալ առաջնորդի կողմից տեղի ունեցավ հյուրերի ընդունելություն: Եկեղեցիների բակերում խաչքավորների կողմից կազմակերպվեց տոնական հյուրասիրություն:
Երկուշաբթի օրը, Սբ. Պատարագից հետո ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ կկատարվի հոգեհանգստյան կարգ: