ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցի
2021 թվականի ապրիլի 16-ին, Թբիլիսի կատարած երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այցելեց Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի: Հինավուրց պատմական եկեղեցում բարձրաստիճան հյուրին և նրան ուղեկցող անձանց դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ եկեղեցու հոգևորականաց դասի հետ:
ՀՀ նախագահը առաջին տիկնոջ հետ ծաղիկներ խոնարհեց հայ գուսանական արվեստի ռահվիրա աշուղ Սայաթ-Նովայի շիրիմին, ինչպես նաև ծաղիկներ զետեղեց Եկեղեցու բակում հանգչող հայ գեներալների և այստեղ հուղարկավորված ազգի մյուս երևելիների տապանաքարերին: Այնուհետև նախագահը և նրան ուղեկցող հյուրերը մոմեր վառեցին և աղոթք արեցին Սուրբ Գևորգ եկեղեցում:
ՀՀ նախագահը պատասխանեց եկեղեցում գտնվող բազում լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Արցախյան 44-օրյա պատերազմին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակին, Հայաստանում տիրող արդի իրավիճակին, երկրի զարգացման հեռանկարներին, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Անդրադարձ կատարելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հրավերով Թբիլիսի կատարած իր պաշտոնական այցին, նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց նաև Վրաստանի իշխանության ղեկավարների և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիաք Իլիա Երկրորդի հետ հանդիպման մասին: Նախագահը Արմեն Սարգսյանը շոշափեց նաև Վրաստանի հետ ցամաքային սահմանի բացման, Ջավախք նախանշված իր այցելության, հայ-վրացական բիզնես համագործակցության և ընդհանուր առմամբ հարևան երկրների հետ փոխհարաբերության հարցերը:
ՀՀ նախագահի և առաջին տիկնոջ պատվին Վիրահայոց թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ հյուրասիրություն: