Материалы

Թարգմանչաց տոնին՝ ավարտական վկայականներ և սաների ու ուսուցիչների օրհնության կարգ

2021 թվականի հունիսի 24-ին, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ Պատարագ մատուցեց Քվեմո Քարթլիի Շահումյան ավանի և Կարմիր գյուղի  հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը: Պատարագը նվիրված էր Սուրբ թարգմանիչներ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հիշատակի օրվան: Սուրբ Պատարագին ներկա էին Թեմի հայերենի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2020-21 ուսումնական տարվա շրջանավարտները, «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի երեխաները, «Հայարտուն» կենտրոնի գեղարվեստական խմբերի սովորողները, մայրաքաղաքի թիվ 104 հայկական և թիվ 103 վրաց-հայկական հանրային դպրոցների տարրական դասարանների սաներն իրենց ուսուցիչների հետ, եռօրյա այցով Թբիլիսի ժամանած  Բաթումիի   վրաց-հայկական  դպրոցի  աշակերտները՝  Աջարիայի, Իմերեթիի, Գուրիայի հայության  և  Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցու  հոգևոր հովիվ արժ. Տեր Արարատ քահանա Գումբալյանի գլխավորությամբ:  

Հընթացս Սբ. Պատարագի՝  պատարագիչ Հայր Զավենը խոսեց օրվա խորհրդի մասին և Թարգմանչաց տոնն անվանեց հայ ժողովրդի ինքնության, գիտության, կրթության ու հավատքի տոն, ներկաներին շնորհավորեց տոնի կապակցությամբ և հորդորեց ապրել թարգմանիչների կողմից ստեղծված հայոց գրերի հպարտությամբ, հայի տեսակի  պարծանքով:

205080142 4156170981166349 3817266319959822789 NՀավարտ Սուրբ Պատարագի Թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետը  օրվա խորհուրդը շաղկապեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի աշխատանքների հետ, որի արդյունքում բազում հայորդիների հնարավորություն է ընձեռվում սովորելու մեսրոպատառ հայերենը, մերձենալու ազգի և եկեղեցու պատմությանը, արժևորեց մայրենիով մտածելը, ազգի պատմությամբ և մշակույթով հպարտանալը, ինչը նաև հայրենասիրություն է, ազգասիրություն, հավատարմություն քրիստոնյա հավատին և Հայոց Եկեղեցուն:

Հայր Սուրբը գնահատանքի խոսքեր ուղղեց կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, վաստակաշատ ուսուցիչներ Ռոզա Զոհրաբյանի, Թամարա Գաբոյանի, Ռևիկ Կարապետյանի և մյուսների անբասիր աշխատանքին՝ մայրենին ուսուցանելու, ազգասիրության և հայրենասիրության ոգի ներշնչելու համար: Թեմակալ առաջնորդի նախագահությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց մատաղ սերնդի և կրթության գործին նվիրված ուսուցիչների օրհնության կարգ:

Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ  շրջանավարտներին բաժանվեցին ավարտական վկայականներ և շնորհակալագրեր, թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնի կողմից  շրջանավարտները նվեր ստացան «Հովհաննես Թումանյան -150» երկլեզու ժողովածուն:

 Միջոցառումն ավարտվեց շրջանավարտների երախտագիտության խոսքով և գեղեցիկ արտասանություններով:

Հավելենք, որ  կրթության բաժնի տնօրենի խոսքերով, մայրենիի իմացության վկայականներ ստացան  «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցի (ուսուցիչներ՝ Թամարա Գաբոյան, Ռևիկ Կարապետյան) 23, իսկ «Սբ. Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցի (ուսուցիչներ՝  Ռոզա Զոհրաբյան, Ռևիկ Կարապետյան) 16 շրջանավարտ: Վիրահայոց թեմի կիրակնօրյա դպրոցն ունի շուրջ 25 տարվա պատմություն: «Հայարտուն» կենտրոնում» ընթանում է  նոր ուսումնական տարվա համար աշակերտների գրանցում:

204626983 4156170821166365 5943151454921757003 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են