«Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ավարտական հանդեսը
2021 թվականի հունիսի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ավագ խմբի սաների ավարտական ցերեկույթը: «Հայարտուն» կենտրոնի առաջիկա 10-ամյակի կապակցությամբ կենտրոնը զարդարվել էր ավանդական գույներով:
Հանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի ընկերակցությամբ: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր սպասավորներ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:
Ավանդույթի համաձայն, հանդեսը բացվեց կրտսեր խմբի սաների «Տերունական աղոթքի» արտասանությամբ և թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ողջույնից հետո դահլիճ հրավիրվեցին այն 13 տղաներն ու աղջիկները, ովքեր երկու ամիս հետո հպարտությամբ կրելու են դպրոցականի անունը:
Նախակրթարանի շրջանավարտները իրենց գեղեցիկ արտասանությամբ, երգ ու պարով ցույց տվեցին, որ խաղի և չարաճճիության հետ միասին իրենք այստեղ շատ բան են սովորել: Իսկ դրա վկայությունը դարձավ «Ինչ եմ տանելու» դպրոց բեմադրությունը, որտեղ ներկայացրեցին, որ դպրոց ոտք են դնում գիտելիքներով, երևակայության և հետաքրքրասիրության ունակությամբ, ընկերասիրության, պարտաճանաչության ու պատասխանատվության հատկություններով:
Ուրախ ցերեկույթը գեղեցիկ անակնկալ մատուցեց նախակրթարանի սաներին. դեռևս փետրվարին մասնակցելով Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի «Շնորհավոր տարեդարձդ, Թումանյան» առցանց մրցույթին, տասը լավագույն մրցանակակիրներից չորսը «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներն էին, ովքեր հգշ. Տեր Կիրակոս վարդապետի և հգշ. Տեր Նշան վարդապետի ձեռամբ ստացան հավաստագրեր, նվերներ և նախակրթարանն ավարտելու վկայականներ:
Երեխաների մոտ դպրոցում լավ սովորելու, իսկական հայ մեծանալու ամուր հիմք և կարողություն ստեղծելու համար Թեմի կրթության բաժնի պատասխանատուին և նախակրթարանի ուսուցիչներին շնորհակալության խոսք ասացին ծնողներ Նունե Պարադյանը և Անի Ղազարյանը:
Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն իր օրհնության խոսքում բարձր գնահատեց նախակրթարանի գործունեությունը՝ Եվգենյա Մարկոսյանի ղեկավարությամբ, արժևորեց բարձրաճաշակ և շքեղ հանդեսները, որոնք վկայում են հայկական ոգով, հայ մշակույթի շնչով մանուկ սերնդի դաստիարակությանը նախակրթարանի ուսուցիչների նվիրվածության մասին, ընդգծեց, որ հիրավի Թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում մեծանում և դաստիարակվում է հայի տեսակ, որի մոտ ծլարձակում են ազգասիրության, հայրենասիրության, հայ մշակույթի նկատմամբ սիրո և նվիրումի բողբոջները: Եվ, չնայած, հայկական կրթօջախ ոտք դնողները այս անգամ փոքրաթիվ են, թեմակալ առաջնորդը հավաստեց ծնողներին, որ միայն մայրենիով կրթությունն ու մտածողությունն են հայ մարդուն տալիս այն, ինչը նրա հոգուն մոտ է ու հարազատ:
Ցերեկույթն ավարտվեց եկեղեցու բակում գույնզգույն փուչիկներ օդում բացթողնելով և տորթով հյուրասիրությամբ: