Материалы

«Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ավարտական հանդեսը

2021 թվականի հունիսի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ավագ խմբի սաների ավարտական ցերեկույթը: «Հայարտուն» կենտրոնի առաջիկա 10-ամյակի կապակցությամբ կենտրոնը զարդարվել էր ավանդական գույներով:

Հանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի ընկերակցությամբ: Դահլիճում  տեղեր էին զբաղեցրել հոգևոր սպասավորներ,  ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր:

Ավանդույթի համաձայն, հանդեսը բացվեց կրտսեր խմբի սաների «Տերունական աղոթքի» արտասանությամբ  և թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ողջույնից հետո  դահլիճ հրավիրվեցին այն 13 տղաներն ու աղջիկները, ովքեր երկու ամիս հետո հպարտությամբ կրելու են դպրոցականի անունը:

Նախակրթարանի շրջանավարտները իրենց գեղեցիկ  արտասանությամբ,  երգ ու պարով ցույց տվեցին, որ խաղի և չարաճճիության հետ միասին իրենք այստեղ շատ բան են սովորել: Իսկ դրա վկայությունը  դարձավ «Ինչ եմ տանելու» դպրոց  բեմադրությունը, որտեղ ներկայացրեցին, որ դպրոց ոտք են դնում գիտելիքներով, երևակայության և հետաքրքրասիրության ունակությամբ, ընկերասիրության, պարտաճանաչության ու պատասխանատվության  հատկություններով:

Ուրախ ցերեկույթը գեղեցիկ անակնկալ մատուցեց նախակրթարանի սաներին. դեռևս փետրվարին մասնակցելով Երևանի Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի «Շնորհավոր տարեդարձդ, Թումանյան» առցանց մրցույթին, տասը լավագույն մրցանակակիրներից չորսը «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաներն էին, ովքեր հգշ. Տեր Կիրակոս վարդապետի և հգշ. Տեր Նշան վարդապետի ձեռամբ ստացան  հավաստագրեր,  նվերներ և նախակրթարանն ավարտելու վկայականներ:

Երեխաների մոտ դպրոցում լավ սովորելու, իսկական հայ մեծանալու ամուր հիմք և  կարողություն ստեղծելու համար Թեմի կրթության բաժնի պատասխանատուին և նախակրթարանի ուսուցիչներին  շնորհակալության խոսք ասացին  ծնողներ  Նունե  Պարադյանը և  Անի Ղազարյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանն իր օրհնության խոսքում բարձր գնահատեց նախակրթարանի գործունեությունը՝  Եվգենյա Մարկոսյանի ղեկավարությամբ, արժևորեց բարձրաճաշակ և շքեղ հանդեսները, որոնք վկայում են հայկական ոգով, հայ մշակույթի շնչով մանուկ սերնդի դաստիարակությանը նախակրթարանի ուսուցիչների նվիրվածության մասին, ընդգծեց, որ հիրավի Թեմի Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանում մեծանում և դաստիարակվում է հայի տեսակ, որի մոտ ծլարձակում են ազգասիրության, հայրենասիրության, հայ մշակույթի նկատմամբ  սիրո և նվիրումի բողբոջները: Եվ, չնայած, հայկական կրթօջախ ոտք դնողները այս անգամ փոքրաթիվ են, թեմակալ առաջնորդը հավաստեց ծնողներին, որ միայն մայրենիով կրթությունն ու մտածողությունն են  հայ մարդուն տալիս այն,  ինչը նրա հոգուն մոտ է ու հարազատ:

Ցերեկույթն ավարտվեց եկեղեցու բակում գույնզգույն փուչիկներ օդում բացթողնելով և տորթով հյուրասիրությամբ:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322922248
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2021 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են